Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց` ինքը լուրջ առարկություններ չունի սահմանադրական բարեփոխումների հրապարակված տեքստի հետ կապված: «Շատ կարևոր եմ համարում ԱԺ-ում քննարկումները, տարբեր կուսակցությունների հետ խորհրդակցությունները, առհասարակ քարոզչական աշխատանքը, որովհետև կարծում եմ, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի: Ընդհանուր առմամբ համարում եմ` եթե ինչ-որ փոփոխությունների կարիք էլ կա, դեռ ժամանակ կա առաջարկների համար: Սա մի փաստաթուղթ է, որը պետք է քննարկումների փուլ անցնի: Կարծում եմ` ինչ-որ փոփոխություններ կլինեն փաստաթղթում»,- ասաց Աճեմյանը` հավելելով, որ ինքը մեծ առարկություններ չունի բարեփոխված տարբերակի հետ կապված:
«Հիմնական գաղափարը պառլամենտական մոդելի ստեղծումն է, որը ես համարում եմ շատ առաջադեմ մոդել և հիմնական մեր աշխատանքը պետք է լինի իրազեկումը, ինչպես նաև` կյանքի կոչելը: Այսինքն խորհրդարանական կառավարումը պետք է այնպես իրականացնենք, որ մեր երկրին օգուտ տա, շահավետ լինի: Պետք է այնպես արվի, որ դրանից մեր ժողովուրդը չտուժի և փոխարենն առաջընթաց ունենա»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա, Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած գնահատականներն էլ են քննարկման ենթակա: «Նրանց եզրակացությունները միշտ հաշվի են առնվել, բայց դրանք դոգմա չեն: Երբ յուրաքանչյուր երկիր տեղայնացնում է, այլ կերպ է լինում: Ամեն երկիր իր յուրահատկություններն ունի: Երբ սահմանադրություն է գրվում, իհարկե, այդ բոլոր յուրահատկությունները հաշվի են առնվում: Կարծում եմ, որ մեր դեպքում էլ այդպես է: Ընդունում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը լուրջ կառույց է և պետք է հաշվի առնենք եզրակացությունը, սակայն, համարում եմ, որ դա պետք է քննարկվի լուրջ մասնագետների և հանձնաժողովի կողմից: Իրականում որ տարբերակն ընդունելի եղավ, այդ տարբերակով էլ վերջնական փաստաթուղթը կհրապարակենք»,- ասաց Աճեմյանը` հավելելով.
«Կարծում եմ, որ հենց սեպտեմբերի առաջին նիստերին արդեն ԱԺ-ում կլինի փաստաթուղթը, քննարկումներ կլինեն, 15-օրյա ժամկետում պետք է առաջարկներ ներկայացվեն: Այս մի քանի ամիսները մեր երկրի համար կարևոր են և ակտիվ պետք է լինեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև հասարակ քաղաքացիները»: