կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-07 15:25
Իրավական

Դատապարտյալի հետ համացանցային «շփման» զոհ դարձած կինը վարկերի «տակ է»

Դատապարտյալի հետ համացանցային «շփման» զոհ դարձած կինը վարկերի «տակ է»

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը և ՔԿՀ հոգեբան Հայկանուշ Ճենտերեճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան համացանցային շփումներին, որոնք  կարող են հանգեցնել շորթումների:

Հոգևոր սպասավորը թեև նշեց, որ համացանցը բարիք է, բայց նաև հորդորեց ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը:

«Շատ կարևոր է անձնական տվյալններն անձեռնամխելի պահել, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ տարբեր տեսակի շորթումներից»,- նշեց հոգևորականը` նկատի ունենալով նաև ՔԿՀ-ներոււմ արձանագրվող նմանատիպ դեպքերը:

Թեև հոգևոր սպասավորը չգաղտնազերծեց, թե իր բերած օրինակը կոնկրետ որ ՔԿՀ-ում է եղել, բայց նշեց, որ վերջերս ինքն անձամբ ականատես է եղել մի դեպքի, երբ մի կին դարձել է դատապարտյալի համացանցային շորթման զոհ:

«Այդ կինը 3-4 հազար դոլարի ամսական տույժ է կրում, վարկերի տակ է, համացանցային շորթման հետևանքներն է քաղում: Նա  ինտերնետի միջոցով ծանոթացել է քրեակատարողականի դատապարտյանի հետ, ով խաբել է իրեն և վարկերի բեռի տակ գցել»,- ասաց Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Թեև ՔԿՀ-ներում դատապարտյալներին արգելվում է հեռախոս կամ էլ ցանկացած այլ միջոց ունենալ, որով կարողանա նաև համացանցային ծանոթություններ հաստատել, այնուամենայնիվ, բազմաթիվ են դեպքերը, երբ դատապարտյալներն ապօրինի գործունեություն են ծավալում նաև քրեակատարողական հիմնարկներում:

ՔԿՀ-ի հոգևոր սպասավորի և հոգեբանի բնորոշմամբ` այդ սարքերը տարբեր ճանապարհով են փոխանցվում դատապարտյալներին. տեսակցողներն են փոխանցում, ՔԿՀ-ի որոշ աշխատակիցներ անբարեխիղճություն են դրսևորում և հենց իրենք են որոշակի գումարի հաշվին փոխանցում:

Նկատենք, որ հեռախոսների փոխարեն կարող է փոխանցվել ցանկացած այլ իր և այս պարագայում բախվում ենք կամ պատկան մարմինների վերահսկողության ակնհայտ բացակայությանը, կամ էլ պարտականությունների թերի իրականացմանը:

ՔԿՀ-ի հոգեբանն էլ ընդդիմացավ այն պնդմանը, որ պատկան մարմինների թերի գործունեության արդյունքն է այս ամենը, ինչպես նաև նշեց, որ այսպիսի դեպքեր արձանագրվում են աշխարհի ամենատարբեր երկրներում: