Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայտնի է, որ Իրանն օրերս վերացրեց վիզային ռեժիմը յոթ երկրների` Լիբանանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի և Սիրիայի հետ: Հարավկովկասյան երկրներից, փաստորեն, միայն Հայաստանն է, որի նկատմամբ Թեհրանը նույն մոտեցումը չի ցուցաբերել, չնայած նրան, որ նշված երկրներից, քաղաքական մակարդակով ամենալավ հարաբերությունները, թերևս միայն Սիրիայից հետո, Իրանն ունի Հայաստանի հետ:
Պետք է ենթադրել, որ սա Իրանի կողմից այլ երկրների հետ վիզային ռեժիմի վերացման պրակտիկայի կիրառման միայն նախերգանքն է: Արդեն հիմա խոսվում է այն մասին, որ Իրանը պատրաստվում է նույնն անել ևս 60 պետությունների նկատմամբ: Խնդիրն այն է` կլինի՞ Հայաստանը գոնե դրանց թվում, թեև ինքնին արդեն փաստը, որ հարավկովկասյան երկրներից միայն Հայաստանի նկատմամբ է բացառություն արվել, լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ վիզային ռեժիմի վերացման քաղաքականությունը երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ է հետապնդում: Սա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների և Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների աստիճանական վերացման ուղղակի հետևանքն է. Իրանը բացվում է աշխարհի առջև, բացվում է նաև զբոսաշրջային ոլորտում, որտեղ, իր մշակութային-քաղաքակրթական հարուստ և հզոր ժառանգությունը նկատի ունենալով, իսկապես ունի ցուցադրելու, աշխարհին հիացնելու բան:
Բայց վիզային ռեժիմի վերացումն ունի շատ ավելի լայն տնտեսական ենթատեքստ` հաշվի առնելով, որ մուտքի և ելքի դյուրացումը ցանկացած պարագայում առևտրատնտեսական հարաբերությունները խթանող գործոն է: Եվ տպավորությունն այնպիսին է, որ, անտեսելով Հայաստանը, Իրանն ուղղակի ցուցադրում է Հայաստանի հետ հարաբերություններն այդ դաշտում զարգացնելու իր` ոչ շահագրգիռ լինելը: Մինչդեռ չի բացառվում, ավելին` մեծ է հավանականությունը, որ խնդիրը ոչ թե Իրանի վերաբերմունքի մեջ է, այլ Հայաստանի:
Դեռևս 2011թ. Երևան կատարած այցի ժամանակ Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Սալեհին հայտարարել էր, որ Իրան-Հայաստան վիզային ռեժիմը վերացնելու անհրաժեշտություն կա, և եթե այդ խնդիրը լուծվի, ապա յուրաքանչյուր տարի Հայաստան կարող է այցելել ոչ թե 100 հազար, այլ մեկ միլիոնի չափ իրանցի զբոսաշրջիկ: Հայտնի է, որ Իրանը Հայաստանի հետ վիզային ռեժիմը հանելու կոնկրետ առաջարկ հնչեցրել է թե\' 2014-ին և թե\' 2015-ին, որոնք, սակայն, որևէ արձագանքի չեն արժանացել: Եվ սա առնվազն տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ տրամաբանորեն առաջինը հենց Երևանը պետք է շահագրգռված լիներ Իրանի հետ վիզային ռեժիմը հանելու հարցում` դրա միջոցով ավելի շատ զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ դարձնելու նպատակով:
Մյուս կողմից` այս տարվա փետրվարին Իրանի`արտերկրում բնակվող իրանցիների հյուպատոսային հարցերով փոխարտգործնախարար Հասան Ղաշղավին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է վիզային ռեժիմը վերացնել այն երկրների հետ, որոնք փոխադարձ քայլ կկատարեն: Սա, ըստ էության, հստակ ցույց է տալիս, որ վիզային ռեժիմի հետ կապված հարաբերություններում Իրանն առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ եթե պաշտոնական Երևանը տված լիներ իր համաձայնությունը, ապա շատ հավանական է, որ Հայաստանն ընդգրկվեր Իրանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների շարքում:
Որևէ տրամաբանական բացատրություն չունի` ինչով է բացատրվում Երևանի նման մերժողականությունը, որը, թվում է`որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Դժվար է հավատալ, որ Հայաստանն այդ քայլին չի գնում Ռուսաստանից երկյուղելու պատճառով, որովհետև դժվար է հավատալ, որ Մոսկվայի համար այդքան կարևոր կարող է լինել` Հայաստանի քաղաքացիներն Իրան այցելում են վիզա ունենալո՞վ, թե՞ ազատ ռեժիմով: Այս իմաստով առնվազն տարօրինակ է այս կապակցությամբ որևէ բացատրություն չտալու` ՀՀ ԱԳՆ-ի կեցվածքը:
Այս հարցում ցուցաբերվող անտարբերությունն ու անպատասխանատվությունը հստակ ցույց են տալիս, որ մեծ քաղաքականություն Իրանի վերադարձին Երևանը մոտենում է` չունենալով որևէ հայեցակարգ, տնտեսական գործակցության համակողմանի խորացման որևէ փաթեթ: Իսկ այն նախագծերը, որոնք առկա են Իրան-Հայաստան օրակարգում, ավելի շատ այդ հարաբերություններն ընդգծելու սիմվոլիկ նպատակ են հետապնդում, քան կոնկրետ գործողություններ ենթադրում: Եվ սա չի կարող Հայաստանի հետ հեռանկարային պլաններ կառուցող և այդ մասին ավելի քան հաճախ ակնարկներ անող Իրանին չնյարդայնացնել: Պատահական չէ, որ արդեն երրորդ տարին չի հաջողվում կազմակերպել Իրանի նախագահի այցը Հայաստան: Այցելելու համար իրական օրակարգ է պետք: Հասան Ռոհանին այցելի, որ ի՞նչը քննարկի Հայաստանի հետ, այն, թե ինչպե՞ս է Երևանը խուսանավում կոնկրետ ստրատեգիական ծրագրերի շուրջ բանակցություններ սկսելու հարցում:
Օրերս այդ նյարդայնությունը «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում շատ պարզ արտահայտեց նաև Հայաստանում Իրանի դեսպան Ռեիսին. «Նախատեսված էր, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի մեկ միլիարդ դոլարի, սակայն այն այժմ 300 միլիոն դոլարի մակարդակը չի անցել: Ոչ զգալի ապրանքաշրջանառության առկայության պատճառը օրենսդրական խնդիրներն են: Կան երկրներ, որոնց հետ Իրանը ստորագրել է արտոնյալ սակագների մասին համաձայնագիր: Եվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ստորագրելուց հետո ապրանքաշրջանառությունը աճել է: Իրանն արդեն 22 տարի զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն արտոնյալ սակագների ռեժիմ դեռևս չկա», - նշել էր նա:
Եթե Երևանը շարունակի այս տեմպերով, ապա ինքն իր ձեռքով կփակի այն դուռը, որը, իր կամքից անկախ, բացվել է իր առջև:
Գևորգ Դարբինյան