կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 13:32
Հասարակություն

Աուդիտով են հարցը լուծում, թե` ոնց, թող վերջում ժողովրդին ասեն, որ հոսանքը չի թանկանալու

Աուդիտով են հարցը լուծում, թե` ոնց, թող վերջում ժողովրդին ասեն, որ հոսանքը չի թանկանալու

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին հավաք-երթ է իրականացնելու` Մոսկվա կինոթատրոնի մոտից դեպի գլխավոր դատախազություն: Պահանջն է` քրեական գործ հարուցել ու պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ  բռնություններ ու անօրինականություններ իրականացրած ոստիկաններին:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը նշեց, որ իրենք դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին, ՄԻՊ-ին, որ ընթացք տան այդ հարցին: Քաղաքացիական նախաձեռնությունը չի դիմել դատարան, սակայն, Արթուր Քոչարյանի խոսքով, ԶԼՄ-ներում կան անհրաժեշտ հրապարակումները և տեսանյութերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ դատախազության համար` գործ հարուցել անօրինական գործողություններ իրականացրած ոստիկանների նկատմամբ:  

«Բաղրամյան պողոտայից հետո դա առաջին զանգվածային հավաքը կլինի, կտեսնենք` որքան մարդ կհավաքվի, և ընթացքում կորոշենք` ինչ անել: Չի բացառվում երթը դեպի Բաղրամյան պողոտա»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հարցին` ո՞րն է Բաղրամյան պողոտա երթով գնալու իմաստը, և ո՞րն է լինելու պահանջը, Արթուր Քոչարյանը պատասխանեց, որ պահանջը լկտի պահվածք ցուցաբերած ոստիկաններին պատժելն է: «Կան բազմաթիվ տեսանյութեր հունիսի 23-ին ոստիկանների լկտի պահվածքի վերաբերյալ: Դրա համար անգամ Բաղրամյան 26 մտնել արժե»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգայի թանկացման վերաբերյալ պահանջին, Արթուր Քոչարյանը նշեց, որ սպասելու են աուդիտի պատասխաններին: Նա նշեց նաև, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու աուդիտին, որովհետև չեն ցանկանում լեգիտիմացնել այդ ամենը:

«Եթե մասնակցենք, ու աուդիտն անգամ արդար անցնի, միևնույն է` կարող է պարզվել, որ թանկանալու տեղ կա: Նաև նշեմ, որ այս պայքարը միայն «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարը չէ, սա ողջ ժողովրդի պայքարն է ու պահանջը, ուստի մնացած նախաձեռնություններն ու կազմակերպությունները թող մասնակցեն այդ աուդիտին: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները անգամ մեկ տոկոս չեն հավատում Սերժ Սարգսյանի խոսքին, բայց նրանք, ովքեր ինչ-որ տեղ հավատում են նրա խոսքին, թող գնան, մասնակցեն այդ աուդիտին»,- ասաց Արթուր Քոչարյանը:

Նրա խոսքով` քանի որ թե\' մուրճը, թե\' մեխը գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում, ուրեմն նրա գործն է` աուդիտո՞վ է հարցը լուծում, թե՞ այլ կերպ, վերջում միայն թող ժողովրդին ասի, որ էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանալու:

«Մենք չենք ուզում մտնել այդ խաղերի մեջ: Բացի այդ` մենք սովորական քաղաքացիներ ենք, մենք կարող է` ոլորտից էլ լավ չհասկանանք: Անձամբ ես չեմ տեսնում այն մասնագետին, որին կարող եմ երաշխավորել, որովհետև որքան էլ լավ մասնագետ լինի, ես վստահ չեմ` նա կծախվի, կվախենա, թե ինչ կլինի: Իր առօրյայով ապրող հասարակ քաղաքացին պարտավոր չէ իմանալ, թե ինչ է աուդիտը, նրան պետք է, որ իր հոսանքը չթանկանա»,- ասաց Արթուր Քոչարյանը:

Իսկ քաղաքացիական նախաձեռնության առաջիկա անելիքներից մեկը, որն արդեն նախանշված է, այցելությունն է Վանաձոր, հանդիպում բնակիչների հետ. նրանց հետ քննարկելու են«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հետագա պայքարը: Հիշեցնենք, որ  մարզային հանդիպումների շրջանակում առաջին այցելությունը Գյումրի էր: