Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս ամսվա վերջին կայցելեն ԼՂ հակամարտության գոտի: Այս մասին հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այցը կլինի առաջինը Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից հետո: Թե ո՞րն է բուն նպատակը, Ուորլիքը չի նշել: Սակայն դեռևս հունիսի 27-ին Turan գործակալությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ համանախագահների օրակարգում է այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունների կազմակերպումը: Չի բացառվում, որ այցի նպատակը այդ առումով կողմերի համաձայնությունը ստանալն է:
Դատելով ԼՂ-ի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից` դա միանգամայն հնարավոր է: Նախ` ներքին վերադասավորումներ են տեղի ունենում ՄԽ եռյակի ձևաչափում: Համանախագահողները նախօրեին գտնվում էին ԱՄՆ-ում: Ուորլիքի` «Թվիթեր»-ում կատարած վերջին գրառումներից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում նրանք հանդիպումներ են ունեցել պետդեպում, Պենտագոնում եւ ազգային անվտանգության խորհրդում: Ամերիկացի համանախագահը պարզաբանել է, թե հանդիպումների ժամանակ համանախագահները ԱՄՆ-ից լսեցին, որ երկիրը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հանձնառու է աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Պարզունակ կլիներ մտածել, թե Վաշինգտոնը միայն այդ հասկանալի ուղերձը հղելու համար է մյուս համանախագահներին հրավիրել` ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ձևավորող երեք առանցքային գերատեսչություններով «ման տալու»:
Ուշագրավ է, որ այցը տեղի ունեցավ Ռուսասատանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի ժամանակակից զինտեխնիկա տրամադրելու վարկային պայմանագրի ստորագրման ֆոնին, որով Մոսկվան քայլ կատարեց միանձնյա փոքրիշատե վերականգնելու իր իսկ կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմական հավասարակշռությունը: Ըստ այդմ` համանախագահների հետ նման համակողմանի կոնսուլտացիաների անցկացումը կարող էր հետապնդել երկու հիմնական նպատակ: Առաջին`առարկայորեն ներկայացնել, որ ԱՄՆ-ը չի համակերպվելու եռանախագահության ֆորմատը ձևականացնելու և հակամարտության նկատմամբ միանձնյա ազդեցության տարածման` Մոսկվայի անթաքույց քաղաքական ուղեգծի հետ: Երկրորդ` փաստացի բանակցությունների փակուղայնության ֆոնին ներկայացնել կարգավորման ամերիկյան տեսլականը` ակնկալելով դրա վերաբերյալ ֆրանսիական և ռուսական կողմերի աջակցությունը: Եթե իսկապես սա է եղել համանախագահներին Վաշինգտոնում հավաքելու նպատակը, ապա պետք է ենթադրել, որ առաջիկայում բանակցային գործընթացում կարող են տեղի ունենալ նոր զարգացումներ, կողմերին կարող են ներկայացվել նոր առաջարկություններ:
Թեև Հայաստանին ժամանակակից զինտեխնիկա տրամադրելու` Ռուսաստանի որոշումը պրոցեսի թելը ձեռքից բաց թողնելու հնարավորության առումով անհանգստացնում է Վաշինգտոնին, սակայն այնտեղ չեն կարող չհասկանալ, որ սա ռազմական արկածախնդրության գնալու` Բաքվի հավակնությունները զսպելու լավագույն միջոցն էր: Եթե ոչ երկարաժամկետ, ապա գոնե կարճաժամկետ հեռանկարի կտրվածքով այն կարող է հանգեցնել հակամարտության գոտում հարաբերական խաղաղության հաստատմանը և ստիպել Բաքվին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Պատահական չէ, որ, չնայած եվրոպական խաղերի ավարտից անցել է մոտ 10 օր, սակայն, բարեբախտաբար, դեռևս չեն արդարանում Ադրբեջանի կողմից դարձյալ տոտալ կերպով դիվերսիոն հարձակումների տակտիկային անցնելու հետ կապված սպասելիքները: Բաքուն առայժմ զբաղված է հայկական ԶՈՒ անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին լուրերով սեփական հանրության ուշադրությունը զբաղեցնելով: Թե որքա՞ն կտևի այս դրությունը, արդյո՞ք սա լռություն է ամպրոպից առաջ, պարզ կդառնա առաջիկայում: Ակնհայտ է, սակայն, որ նման գործարքի իրականացումն իսկապես պատային դրության է մատնում ԼՂ հարցում ռուսական կողմի անվերապահ աջակցությունը փնտրող Բաքվին, մանավանդ, որ նրան այլևս չեն ուզում հասկանալ նաև Արևմուտքում: Վերջինս կարծես թե անցել է Ադրբեջանին ռացիոնալության դաշտ տեղափոխելու գործնական քայլերի: Նախ` ԵԽԽՎ-ում առաջին անգամ Ադրբեջանին չհաջողվեց հասնել ԼՂ հարցի շրջանակում դրված նպատակին, այն է` իրեն վերաբերող բանաձևում պահպանել ԼՂ-ն և հարակից շրջանները Հայաստանի կողմից օկուպացված լինելու մասին ձևակերպումը: Առաջին անգամ Բաքվի խավիարային դիվանագիտական շանտաժը չաշխատեց: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրվել է Մեծ Բրիտանիա` մասնակցելու Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում` Chatham House-ում, կազմակերպված միջոցառման: Թեև այցը պաշտոնական չէ, սակայն Chatham House-ը մեծ հաշվով արտացոլում է բրիտանական արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները, և չճանաչված ԼՂՀ-ի նախագահին հրավերի ուղարկումն ինքնին ԼՂ-ի սուվերենությունն անուղղակիորեն ճանաչելու դեմոնստրացիոն, ավելի տեղին կլինի ասել` Բաքվին նախազգուշացնող քայլ կարելի է համարել: Այդ ուղերձը Բաքվում հասկացան, որովհետև Սահակյանի այցը չչեղարկվեց նույնիսկ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանին ԱԳՆ հրավիրելուց, Լոնդոնին բողոքի նոտա հղելուց հետո:
Իհարկե, այս վերափոխումներում իր դերն է կատարում Ադրբեջանում բռնատիրական սուլթանատ հաստատելու` Ալիևի ձգտումների նկատմամբ Արևմուտքի ահագնացող անհանդուրժողականությունը: Բայց սա այն դեպքն է, երբ օձն ինքն է գլուխը փորձում դնել մեքենայի անիվների տակ: Եվ մնում է նրան պարզապես մի փոքր օգնել այդ հարցում:
Գևորգ Դարբինյան