կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 16:23
Հասարակություն

Հավաքը սկսել են որոշ մարդիկ, շարունակել` ուրիշները, ավարտին հարթակին անծանոթ դեմքեր էին կանգնած

Հավաքը սկսել են որոշ մարդիկ, շարունակել` ուրիշները, ավարտին հարթակին անծանոթ դեմքեր էին կանգնած

«Ամենասկզբից էլ մի տեսակ դյուրահավատորեն էի այդ ամենին մոտենում, որովհետև չեմ հիշում` իշխանություններն ի՞նչ հարցերում են մեզ երբևէ զիջել»,- yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տարվող պայքարին` նշեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Ըստ նրա` այն, որ իշխանություններն «արտակարգ սեր» են հիմա արտահայտում ակտիվիստների նկատմամբ, կասկածելի է: «Տեսեք` ի՞նչ եղավ. հավաքը սկսում են որոշ մարդիկ, շարունակում` ուրիշները, ավարտին հարթակում լրիվ անծանոթ դեմքեր են կանգնած լինում: Ամեն ինչ շատ կասկածելի է` բողոք է գնում, բայց ո\'չ ծրագիր կա, ո\'չ պահանջ: Ավելի ճիշտ, ընդամենը մեկ պահանջ կար, որին հասնելու ոչ մի ծրագիր չկար: Չգիտեմ` դա ինչ արդյունք կարող էր ունենալ»,- ասաց Բայաթյանը:

Նրա կարծիքով` սխալ էր նաև այն, որ անընդհատ շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ դա միայն սոցիալական հարց է, և այն պետք չէ քաղաքականացնել: Բայաթյանի համոզմամբ` սա լավ էլ քաղաքական հարց է, և եթե կուսակցությունները զերծ են մնացել, և ամեն մեկը մի անկյունում թաքնվել է, նշանակում է` Հայաստանում կա ընդամենը մեկ ռեժիմ: «Սովետական ժամանակ ՍՄԿԿ-ն էր ղեկավարում, հիմա էլ ՀԿԿ-ն է ղեկավարում: Ես շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, ավելին` նույնիսկ որակի առումով շատ ավելի ցածր են հիմա»,- ասաց նա:

Ըստ Բայաթյանի` մենք շատ պարզունակ պատկերացումներ ունենք պատմության մասին, և մեզ թվում է` պատմությունը կատարվում է, հետո նոր` գրվում: Հիմա, ըստ նրա, այդպես չէ` պատմությունը գրվում է, հետո այդ ամենը բեմադրվում, վերջում` արձանագրվում համապատասխան անուններով:

«Իսկ այս հավաքում ամեն ինչ անհասկանալի էր` պատասխաններ չեղան, վերլուծություններ չեղան, խնդրանք կամ դիմում չեղավ, բացատրություններ չեղան, ու վերջ: Ուղղակի ասվեց` այսպես պետք է լինի, սա է մեր պահանջը: Այս ըմբոստությունը պետք է ծառայեր երկրի որոշ նպատակներին. գուցե ինչ-որ մարդիկ կան, որ ուզում են ՀԷՑ-ը գնել, և այս բողոքը պետք էր, որ տիրոջը փոխեին»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, թե սա ավելի շուտ ըմբոստության ալիք էր, ոչ թե պայքար: «Երիտասարդներն ավելի շատ ըմբոստ են, նրանց դուր չի գալիս այն, ինչ կատարվում է, նրանք միշտ էլ առաջին գծում են լինում: Որոշ մարդիկ իսկապես հավատում էին, որ կարող են ինչ-որ բանի հասնել պայքարի միջոցով: Պայքարն, այո, ճանապարհ է, բայց ոչ` Հայաստանում»,- ասաց նա:

Բայաթյանը ոչ մի հույս չի կապում նաև աուդիտի հետ` անկախ դրա արդյունքներից: