կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 20:14
Մշակույթ

Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նախագահի կողմից պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով

Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նախագահի կողմից  պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: 
Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք լավագույնս բնութագրում են մաեստրո Չեքիջյանին:

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում: 

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը

Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման արարողության ժամանակ

 «Հարգարժա՛ն մաեստրո Չեքիջյան,


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման և ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը: Սա բարեբախտություն է ինձ համար և վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն արդեն խոսեց մեր հերոսի անցած ճանապարհի մասին, մեզ դրվագներ պատմեց: Իհարկե, մաեստրո Չեքիջյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: 

Հեշտ է, քանի որ նա ապրել է բացառիկ հարուստ և արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել է մի ուղի, որ արժանի է հիացմունքի և երախտագիտու-թյան: Հեշտ է նրան ներկայացնելը, քանի որ նա ինքն իրեն վաղուց ներկայացրել է թե՛ մեզ, և թե՛ ողջ աշխարհին:

Այդուհանդերձ, դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն և անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է և միաժամանակ համամարդկային:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը հայրենադարձներ են կամ նրանց սերունդներ: Սա շատ ընդգրկուն թեմա է, և հիմա, թերևս, դրա շուրջ չեմ ծավալվի: Միայն նշեմ, որ հայրենադարձները շատ բան են բերել Հայաստան` սկսած մեր առօրյայից ու կենցաղից: 

Նրանց շարքում եղել են բացառիկ մտավորականներ, որոնք իրենք իրենցով մարմնավորել են մի ողջ դարաշրջան հայ իրականության մեջ: Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի և նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե՛ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով և, ամենակարևորը` ընդմիշտ: Հովհաննես Չեքիջյանի պարագան այդ բացառիկ օրինակներից է:

Ցանկացած մեծ արվեստագետի ուղին հարթ ու հանգիստ չէ և չի էլ կարող այդպիսին լինել: Մենք գիտենք, որ նույնիսկ փոքր հաջողության թիկունքում տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված, ստեղծագործական տառապալից, բայց և բարեբեր ուղի: Առավել ևս դա վերաբերում է մեծ հաջողություններ արձանագրած անհատներին: 

Հայ երգչախմբային արվեստի շռնդալից հաղթանակները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում խոսում են Հովհաննես Չեքիջյան արվեստագետի բացառիկ խստապահանջության և բարձր չափանիշների մասին: Խոսում են նրա կատարած տիտանական աշխատանքի մասին: Մաեստրո՛, մենք խոնարհվում ենք Ձեր մեծ վաստակի և ստեղծագործական սխրանքի առջև: 

Սիրելի՛ պարոն Չեքիջյան,

Դուք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում եք 1961 թվականից: Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել: Սակայն ի պատիվ Ձեզ և շնորհիվ Ձեր կատարած հսկայական աշխատանքի՝ Ձեզ գիտեն բոլորը: Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենիքի բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Մաղթում եմ, որ Ձեր կյանքի տասներորդ տասնամյակը լինի ոչ պակաս հագեցած ու արդյունավետ, քան նախորդներն են եղել: 

Մենք տեսնում ենք Ձեր մեջ այդ ուժը, այդ էներգիան և, որ շատ կարևոր է, սիրահարվածությունը կյանքին: Սա կարևոր հանգամանք է: Ապրե՛ք և արարե՛ք ի փառս հայ արվեստի:

Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության հերոսները»:

 Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար և ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ:


«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեև կյանքում ունեցել եմ պարգևներ՝ և՛ Կրեմլում, և՛ Փարիզում, և՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգևը չի եղել: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգևին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգևեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ: 

Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգևի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեև զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ: 

Երկար չխոսեմ: Սիրտս լցված է, ինչպես ասացի: Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է: Այդ ծանրությունը ես պետք է կրեմ և՛ սիրով, և՛ հպարտությամբ, և՛ մեծ պատասխանատվությամբ: Սա ինձ պարտավորեցնում է: Շնորհակալ եմ անչափ»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: