|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը ներդրումների խթանման համատեքստում:
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»,- ասել է նա:
Նախարարի ներկայացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման և տարածքի կառուցապատման համատեքստում շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես` վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգը, ներդրումային փաթեթը:
Ներկայացնելով 33 թաղամասի կառուցապատման ծրագիրն ու հայեցակարգը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հորդորել է ներդրողներին՝ մասնակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը: Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախևառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող, ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի, Հարավային պողոտայի (ներկայիս Տիգրան Մեծի փողոցին հարակից) 5 հեկտարից ավելի տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է բավական մեծ (85 մ տրամագծով), կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Ընդ որում` հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին: Առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն` իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:
Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:
Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:
Ի դեպ, կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի Վերնիսաժի հետ, և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա:
Ավելացնենք, որ կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր:
Ներկայացված ճարտարապետական և քաղաքաշինական լուծումները և հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովի կողմից և հավանության արժանացել, եղել են մի քանի առաջարկություններ, որոնք կառուցապատման ընթացքում հաշվի կառնվեն: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ ՀՀ կառավարության համակարգման ներքո: Ինժեներական կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլէներգիա, կիրականացվեն համապատասխան ընկերությունների կողմից, բարեկարգման լուսավորության, ասֆալտապատման խնդիրը ևս չի ծանրանա ներդրողի ուսերին:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ:
![]()
![]()