կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 11:44
Հասարակություն

Փաստաբանն իր հոնորարը չպետք է կիսի ոչ փաստաբանի հետ. Ա. Զոհրաբյան

Փաստաբանն իր հոնորարը չպետք է կիսի ոչ փաստաբանի հետ. Ա. Զոհրաբյան

Այսօր ՀՀ ԱԺ-ի ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ելույթ ունեցավ` ասելով, որ իրավական համակարգի ցանկացած գործունեություն ազդում է փաստաբանների գործունեության վրա` երբեմն` դրականորեն, երբեմն էլ՝ բացասական ձևով:

 

Դրական փոփոխություններից Արա Զոհրաբյանը նշեց փաստաբանների մասին օրենքի ընդունումը, որով կարգավորվում է ոլորտը, մասնավորապես սահմանվել է, որ դատարանում, որպես ներկայացուցիչ,  կարող է հանդես գալ միայն փաստաբանը, որ փաստաբանին չի կարելի նույնացնել նրա վստահորդի հետ, արգելվել է փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը խուզարկելը, արգելվել է տեղեկատվական կրիչներ առգրավելը:

 

Զոհրաբյանը խոսեց նաև փաստաբաններին տրվող, այսպես կոչված, իմունիտետի մասին, որի համաձայն` փաստաբաններին չի կարելի որպես վկա հարցաքննե: Դրական փոփոխություն է նաև այն, որ չի թույլատրվում հարցաքննել նաև փաստաբանի գրասենյակում աշխատող ոչ փաստաբաններին:

 

Որպես դրական գործոն` Զոհրաբյանը մատնանշեց Հանրային պաշտպանի ինստիտուտը, որը գործում է Փաստաբանների պալատի կազմում: «Նախկինում միայն քրեական գործերով էին տրամադրվում հանրային պաշտպաններ, իսկ 2012-ի օրենսդրական փոփոխությունից հետո բոլոր գործերով տրամադրվեց իրավական անվճար օգնություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հանրային պաշտպանի ինստիտուտը բավականին կայացած է:

 

Զոհրաբյանը հայտնեց, որ նախատեսվում է նաև փաստաբանական դպրոցի հիմնում:

 

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, նա մատնանշեց եռաստիճան դատական համակարգը, երբ որոշումը նախ կայացվում է առաջին ատյանի դատարանում, ապա` վերաքննիչ, վերջում` Վճռաբեկ դատարանում: Զոհրաբյանի համոզմամբ՝ առանց Վճռաբեկ դատարանի վիճարկման` մարդիկ չեն կարող դիմել ՍԴ կամ Եվրադատարան, ինչը նույնպես խնդիր է:

 

«Առաջին ատյանը գործը քննում է, այնուհետև վճիռ է կայացնում, գործը ուղարկում Վճռաբեկ, որն ունի որոշակի սահմանափակումներ. նա ընտրում է միայն իրեն հարմար գործերը»,- ասաց փաստաբանը:

 

Զոհրաբյանի խոսքով` մյուս կարևոր խնդիրը դատավորների թիվն է, որը շատ փոքր է՝ 100.000 բնակչին՝ 6-7 դատավոր, մինչդեռ` միջինը պետք է լինի 21:

 

Արա Զոհրաբյանը անդրադարձավ նաև ոչ փաստաբանների կողմից փաստաբանական գործունեություն ծավալելուն՝ ընդգծելով, որ դա լուրջ խոչընդոտ է, և տեղեկացրեց, որ Փաստաբանների պալատը օրենսդրական փաթեթ է նախաձեռնել, որովհետև իրապես խնդիր է, որ փաստաբանն իր հոնորարը կիսում է ոչ փաստաբանի հետ: