կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 16:55
Իրավական

Ջհանգիրյանի փաստաբանն արդարացվածներից ապացույցներ է պահանջում

Ջհանգիրյանի փաստաբանն արդարացվածներից ապացույցներ է պահանջում

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ,  քննվեց  Մատաղիսի գործով արդարացվածների հայցն ընդդեմ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:

 

Նշենք, որ երեք երիտասարդները`Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը, հայցադիմում էին  ներկայացրել դատարան ընդդեմ Ջհանգիրյանի` իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով: 

 

Արդարացվածները համարում են, որ Ջհանգիրյանը վիրավորել ու զրպարտել է իրենց՝ ասելով. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»: Ըստ հայցվոր կողմի՝ Գագիկ Ջհանգիրյանն է որպես ՀՀ զինվորական դատախազ հաստատել մեղադրական եզրակացությունը, ինչի հետևանքով իրենք գտնվել են կալանքի տակ, ուստի ակնհայտ է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` արդարացման դատավճռի օրը նախկին դատախազի արտահայտություններն ուղղված են եղել կոնկրետ իրենց դեմ:

 

Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի խոսքով`  իր վստահորդի արտահայտությունները կոնկրետ ուղղված չեն եղել արդարացվածների դեմ: Պատասխանողը հայցվոր կողմից պահանջում է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ նրանց պատվին և արժանապատվությանը վնաս է հասցվել:  

 

Իսկ հայցվոր կողմը պահանջում է զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ, իսկ վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել:  

 

Այսքանով ավարտվեց նախնական դատական նիստը, և դատաքննության օր նշանակվեց մայիսի 23-ը: