կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 13:52
Իրավական

ԵՊՀ-ում ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տված ուսանողը հեռացվել է

ԵՊՀ-ում ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տված ուսանողը հեռացվել է

Այս տարվա մարտին Երևանի պետական համալսարանում ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու համար մեղադրվող , նույն բուհի ուսանող Արամ Հայրյանը դեպքից հետո հեռացվել է համալսարանից: Այս մասին այսօր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Հայրյանը:

 

Այսօր կեղծ հաղորդման փաստով հարուցված քրեական գործով առաջին դատական նիստն էր: Ամբաստանյալներ Երևանի բնակիչ Արամ Հայրյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը դատարան էին ներկայացել առանց փաստաբանի: Նրանք դատավորին հայտնեցին, որ չեն ցանկանում պաշտպան ունենալ և հրաժարվեցին նաև հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելու՝ օրենքով իրենց տրված հնարավորությունից:

 

Մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ Արամ Հայրյանը անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված լինելով մտադրվել է հոր այցը համալսարան խափանել և այդ նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ է տվել քարտաֆոնից: Նրա խնդրանքով` մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում էլ տվել է Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):

 

Թեև երկու ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչեցին, սակայն հրաժարվեցին գործն արագացված Ընթացակարգով քննելու դատավորի առաջարկից: Արդյունքում դատարանը ստիպված եղավ սովորական ընթացակարգով քննել գործը՝ որոշելով նախ լսել ամբաստանյալներին, հետո վկաներին, այնուհետև ուսումնասիրել գործում եղած ապացույցները: Ամբաստանյալ Արամ Հայրյանն, ով Արցախի Հադրութի շրջանից էր , սակայն բնակվում էր Երևանում , պատմելով դեպքի մասին Արամ հայտնեց, որ իր քայլի պատճառը միայն՝ հոր այցը համալսարան խափանելն էր: Նա հայտնեց, որ Սուսաննայի հետ ծանոթացել է մոտ երկու տարի առաջ՝ ընկերոջ միջոցով, իսկ նրան կեղծ ահազանգ տալ խնդրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Դատավորի հարցին,. Եթե հայրը մյուս օրերին էլ փորձեր գալ համալսարան՝ կշարունակեր դիմել այդ քայլին, Արամը պատասխանեց՝ ոչ: Սուսաննան էլ նշեց, որ մանկավարժականում լավ առաջադիվություն ունի, իսկ Արամի խնդրանքը կատարել է՝ «մտնելով նրա դրության մեջ»: Սուսաննան հայտնե,ց որ զղջում է կատարվածի համար: Այսօր դատարանում վկայություն տվեց Արամի հայրը՝ Արցախի բնակիչ Լևոն Հայրյանը: Նա հայտնեց, որ չի իմացել, որ որդին համալսարանից դուրս մնալու խնդիր ունի և ցանկացել է գալ ՝ նրա առաջադիմության վերաբերյալ խոսել դասախոսների հետ:

 

«Եկել էի Երևան գյուղատնտեսական թունաքիմիկատներ գնելու, հետո գնացի համալսարան՝ ուշ էր արդեն , դեկանատում մարդ չկար»,-պատմեց հայրը և հավելոց, որ որդու քայլի մասին տեղեկացել է հետո՝ հարազատներին: «Ամոթանք եմ տվել հասարակությանը նեղացնելու համար»,-ասաց նա:

Ի դեպ՝ հոր ցուցմունքի ընթացքում որդին՝ Արամ հայրյանը գլխիկոր էր:

 

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել Արամի ընկերը ՝ Միքայել Վարդանյանը և ամբաստանյալ Սուսաննա Մնացականյան հայրը՝ Արեմեն Մնացականյանը: Վերջինս պարզվեց մեկ շաբաթ առաջ մեկնել է ՌԴ: Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 26-ին: