Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս և մրցանակաբաշխություն, որի ընթացքում ամփոփվեցին «Հայաստան- Թուրքիա ձեռներեցների փոխայցելություններ» և Հայաստանից ու Թուրքիայից սկսնակ ձեռներեցների վեց թիմերի համար նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա նախագծերը: Մայիսի 12-ին վեց թիմեր ժյուրիի դատին են հանձնել չորս ամիսների ընթացքում իրենց մշակած գաղափարներն ու դրանց նախատիպերը:
Տեղեկացնենք, որ հաղթող թիմի համար նախատեսված է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից ֆինանսական աջակացության ցուցաբերում` չորս հազար եվրոյի չափով: Նախագիծն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ»-ի և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ»-ի կողմից:
«Հանրային լրագրության ակումբ»-ի նախագահ Սեդա Մուրադյանը նշեց, որ այս նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների և ոլորտի էնտուզիաստ սկսնակների (սթարթափեր) միջև: Սեդա Մուրադյանը նշեց նաև, որ համագործակցության համար որոշակի խնդիրներ է առաջացնում Հայաստան-Թուրքիա փակ սահմանը:
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաքը, ով նաև այս նախագծում ժյուրիի անդամ էր նշեց. «Արդեն մեկուկես տարի է, ինչ ընթանում է այս ծրագիրը: Մենք հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է անձերի միջև լավ փոխհարաբերություններից: Բիզնես կապերի նախաձեռնումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների լավացման հարցում: Մենք հավատում ենք, որ գործարարների միջև կապերը պետք է ամրապնդվեն: Թուրքիայում կլոր սեղանի շուրջ մեր թուրք ձեռներեցները հասկացան, որ տաղանդ գոյություն ունի նաև Հայաստանում»:
Ժյուրիի անդամ` ազգությամբ թուրք Էմրե Օզբեկը նշեց, որ իր համար պատվաբեր և ոգևորիչ էր այս նախագծում ժյուրի լինելը: «Շատ ոգևորիչ էր ժյուրիի անդամ լինելը: Շատ լավ ծրագիր է: Մեր թիմերը հինգ րոպե ժամանակ ունեին` իրենց գաղափարները ներկայացնելու համար: Նույնիսկ այս րոպեների ընթացքում թիմերը ներկայացրեցին իրենց խնդիրները: Յուրահատկությունն այստեղ այն էր, որ իրենք են առնչվել այդ խնդիրներին»:
Ասուլիսի վերջում հայտարարվեցին հաղթող թիմերն ու մասնակիցները: Լավագույն ներկայացման համար պարգևատրվեց Paqqy թիմը, ամենաիրատեսական գաղափար անվանակարգում հաղթեց Home planning-ը, լավագույն տեխնոլոգիական լուծում անվանակարգում`Evreka-ն, հաղթող թիմ մի քանի անվանակարգերում ճանաչվեց Evreka-ն: Պարգևատրվեցին նաև «Թի փի այ» և «Սեյմտ» թիմերը: