Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության 20-ամյակի առթիվ հորդած պարգեւատրումների հեղեղը, անշուշտ, հասնելու էր նաեւ մարզեր, մանավանդ, որ այնտեղ էլ ապրում են մտավորականներ ու արվեստագետներ, ովքեր նախագահական եւ վարչապետական պարգեւներին արժանի են թերեւս ավելի, քան իրենց շատ մայրաքաղաքային գործընկերներ:
Անկախության օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում զանազան պարգեւների, պատվոգրերի արժանացան ու վարչապետի ձեռքից դրանք ստացան նաեւ լոռեցի մտավորականները: Հանդիսության ներկաներից ոչ մեկի մտքով չանցավ, թե պարգեւատրվածներն արդյոք արժանի՞ էին ստացած պարգեւներին:
Ո՞ւմ մտքով կանցներ զարմանալ, դիցուք, մեր օրերի ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկին` Հրաչյա Սարուխանին մշակույթի վաստակավոր գործչի կոչման արժանացնելու համար: Հրաչյան, անկասկած, արժանի է ավելի մեծ պետական գնահատանքի, քան այն կոչումը, որին արժանացրին: Մանավանդ` բոլորիս է հայտնի, թե ինչ թեթեւությամբ ու թեթեւամտությամբ է երբեմն այդ կոչումը բաշխվում մարդկանց, ում վաստակը, հատկապես` մշակույթի բնագավառում, մեղմ ասած, կասկածելի է:
Սակայն տարօրինակ է ու զարմանալի, որ մեր տաղանդավոր ժամանակակիցը մշակույթի վաստակավոր գործչի կոչման արժանանում է ոչ թե որպես բանաստեղծ Հրաչյա Սարուխան, այլ, ինչպես հայտարարվեց պաշտոնական հանդիսության ժամանակ, ոչ ավել, ոչ պակաս, իբրեւ «Վանաձորի տպարան» ԲԲԸ-ի նախագահ Հրաչյա Լյուդվիգի Սարուխան: Պատկերացնում եք, չէ՞, տպարանի նախագահը` մշակույթի վաստակավոր գործիչ: Դժվար է ասել, թե ով է այս զավեշտանման պատմության հեղինակը, նաեւ` անհարմար է հարցուփորձ անել, թե իր այսօրինակ արժեւորումից արդյո՞ք գոհ է ինքը` բանաստեղծը, սակայն ամենազավեշտալին Անկախությունից նույնիսկ քսան տարի անց էլ մեր չինովնիկների անփոփոխ կաղապարված մտածողությունն է` մարդուն արժեւորել, գնահատել` ըստ իր պաշտոնական դիրքի: Ահա թե ինչու անպաշտոն բանաստեղծ Հրաչյա Սարուխանին թողած` վաստակավորի թիկնոց են փռում «պաշտոնյա» Հրաչյա Սարուխանի ուսերին: