Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում եք` միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Ես, օրինակ, ի թիվս բազմաթիվ այլ բաների, պատկերացնում եմ արագ եւ բաց աշխատող նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, եւ պաշտոնական` արագ թարմացվող կայք, որտեղ հասարակությունը կարող է իրազեկվել ոչ միայն մեր երկրի տնտեսական միջազգային ինտեգրացիոն գործընթացներին, այլեւ բարեփոխումներին` հնարավորինս մանրամասնորեն: Ընդ որում` քանի որ սա Հայաստանն է, իսկ նախարարությունն էլ կոչվում է միջազգային տնտեսական ինտեգրման, հետեւաբար, կայքը պետք է լինի ոչ միայն հայերեն, այլ նաեւ ռուսերեն, ղազախերեն, շուտով` ղրղզերեն: Բայց քանի որ մեր պատկերացումները հաճախ իրականությանը չեն համապատասխանում, դառնանք իրականությանը, մանավանդ, որ առանձնապես բան էլ չկա` գրելու:
Դե, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը կարելի է գտնել` կառավարության թիվ մեկ մասնաշենք գնալով /Հանրապետության հրապարակ/, կամ էլ…ոչ մի կերպ: Կառավարության պաշտոնական կայքի` կառավարության կառուցվածքը բաժնում, ճիշտ է, կա միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, այնտեղ անգամ նշված է, թե ով է նախարարը, երբվանից է պաշտոնը ստանձնել, ով է նախարարի առաջին տեղակալը, հասցեն, նույնիսկ մեկ հեռախոսահամար: Բայց պարզվում է` այդ հեռախոսահամարը այս նախարարությանը չէ, այլ փոխվարչապետի ընդունարանինը:
Ճիշտ է, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեխոփումների նախարարն է, բայց` միայն իրավաբանական տեսակյունից, իրականում` սրանք տարբեր պաշտոններ են, հետեւաբար, նախարարությունը եւս պետք է ունենա ընդունարան, հասարակայության հետ կապերի բաժին, գոնե մեկ աշխատող հեռախոսահամար եւ, վերջապես, կայք, գոնե` միայն հայերենով: Չունի:
Մեծ հույս ունենք, որ կառավարությունն այսպիսով պարզապես ցանկանում է խնայել պետական բյուջեի միջոցները: Բայց մեր հույսերը եւ պատկերացումները, ինչպես արդեն հասկացել ենք, միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:
Հովիկ Աֆյան