կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 11:46
Իրավական

Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, որևէ բան չեմ արել, որ, որպես ԱԱԾ տնօրեն, ամաչեմ. Վանեցյան

Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, որևէ բան չեմ արել, որ, որպես ԱԱԾ տնօրեն, ամաչեմ. Վանեցյան

Գաղտնալսման երկրորդ մասը մասամբ մոնտաժված է, այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որոնք ձեռնտու չեն գաղտնալսողին, մոնտաժված են. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վերջերս հրապարակված` գաղտնալսման երկրորդ մասին:

Նրա խոսքով` եթե ԱԱԾ տնօրենը զեկուցում է վարչապետին, մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով իրեն զանգեց ու ինչ ասաց, դա միայն զեկուցում է: «Այստեղ շատ կարևոր հանգամանք կա` վարչապետն ասել է` ապահովիր դատարանի անկախությունը, սա է եղել նրա ասածը»,- ասաց Վանեցյանը:  

Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ եք ասում, որ հիմա դատարանը կկալանավորի, այսինքն` կանխորոշո՞ւմ եք, Վանեցյանը պատասխանեց` ոչ, ինքը չի կանխորոշում ելքը: «Ես շատ բան գիտեմ, այնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնի: Ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես: Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, ես որևէ բան չեմ արել, որ կամաչեմ` որպես ԱԱԾ տնօրեն, չեմ արել մի բան, որի համար կամաչեմ իմ ծնողների, ընտանիքի ու հասարակության առջև: Չեմ կարծում` սարսափելի ինչ-որ բան է եղել: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:

Նա տեղեկացրեց նաև, որ իր հեռախոսը տվել են անկախ փորձագիտական մարմնին, և վերծանվել է ամեն ինչ: Վանեցյանի հավաստմամբ` եթե հեռախոսազրույցը գաղտնալսվում է, չի նշանակում, որ ազգային անվտանգության սպառնալիք կա: «Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, մի մասին էլ լսել են ու չեն ասել: Ազգային անվտանգության սպառնալիք կլինի, եթե սահմանին լինեն ինչ-որ գործողություններ»,- հավելեց ԱԱԾ տնօրենը: