Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսահայ վերլուծաբան-լրագրող Արիս Նալջըն դարձյալ ահազանգել է թուրքական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանության ոչնչացման մասին: Այս անգամ հերթը հասել է Խարբերդի հայկական բողոքական եկեղեցուն:
«Հյուրանոցի լիցենզիա՝ Խարբերդի հայկական բողոքական եկեղեցուն» վերնագրված հոդվածը ներկայացնում ենք ստորև:
«Թուրքիայում նույնպես տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ: Աշխարհի չորս կողմում, նաեւ` Կ.Պոլսում, Բիթլիսում, Տիգրանակերտում, Բաթմանում, Ադանայում, Անկարայում և գլխավորապես՝ Վանում, ամբողջ ապրիլ ամսին հայերը ոգեկոչեցին իրենց պապերի հիշատակը:
Թուրքիա ժամանածներից շատերն իրենց երազանքների տները, աղբյուրները և ճանապարհները չգտան: Քանի որ այդ տներն ավերվել են և փոխարենը բնակարանային տարածքներ են հիմնվել, իսկ այդ աղբյուրներից ջուր չի հոսում այլևս: Նրանց հայտնաբերած եկեղեցիներում հիմնականում առկա էին գանձ որոնողների կողմից բացված` մի քանի մետր խորությամբ փոսեր: Գյուղացիները փոքր-ինչ զրույցից հետո, մի քանի կոպեկ ցույց տալով, նրանց առաջարկեցին «կիսել» իրենց պապերի թաքցրած ոսկիները…
Մի շարք վայրերում նման բան էլ տեղի չունեցավ:
Թուրքիայում հայկական ժառանգության պահպանման պատկերը բավականին վատն է: Հեռուստացույցով ցուցադրում են ԻՇԻՊ-ի՝ Իրաքում և Սիրիայում ավերած թանգարանները և հուշահամալիրները, մինչդեռ մեր աշխարհագրական տարածքում էլ շարունակում են գործել մասնագիտացած «մշակութային ահաբեկիչները»:
Էլազըղի (Խարբերդի.- խմբ) հայկական բողոքական եկեղեցին էլ «ահաբեկվածներից» մեկն է, թեեւ պահպանվող կառույցների ցուցակում է: Խարբերդի պատմական կառույցների գրանցման կարգը սահմանում է Դիարբեքիրի (Տիգրանակերտի) մշակույթի և բնական ժառանգության պահպանության տնօրինությունը, որի` համացանցում հրապարակած` 265 մշակութային ժառանգություն հանդիսացող կառույցների ցուցակում հայկական բողոքական եկեղեցին տեղ է գտել որպես ասորական եկեղեցի: 1987 թվականին հաշվառված շենքի միայն դրսի պատն է կանգուն: Խորանի հատվածում կա մի հայերեն «Է» տառ, սակայն հաշվառման ժամանակ այն անտեսած իրավասուները շենքը որպես ասորական եկեղեցի են գրանցել: Խարբերդի շրջանային տնօրինության` ժառանգության գույքագրման ցուցակում հայկական բողոքակական եկեղեցու մասին այսպես է գրվել. «Էլազըղ ասորական եկեղեցի. 19-րդ դարի վերջում կառուցված` ասորական արվեստի նմուշ: Հետագայում օգտագործվել է նաև որպես ալյուրի գործարան: Այսօր այն պատմամշակութային ժառանգություն է, որն սպասում է իր վերականգնմանը»:
Սակայն այդքանով չեն եզրափակվել:
Քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցում հարմարեցված ավտոկայանատեղիի տերը կարողացել է հյուրանոցի լիցենզիա ձեռք բերել: Սեփականատեր Ջոշքուն Չաղլար Դուրանը հայտնել է, որ վերցրել են հյուրանոց կառուցելու արտոնագիրն ու բյուջեի աշխատանքներն ավարտվելուն պես սկսելու են շինարարությունը: Դուրանը, ըստ իրեն մատուցված տեղեկությունների, ինքն իրեն համոզել է, որ այդտեղ նախկինում եղել է շուկա կամ ալյուրի ամբար կամ էլ՝ պարզապես ցանկացել է դրան հավատալ:
Ըստ Դուրանի՝ արտոնագիրը տվող անձինք հայտնել են, որ շինությունը կրոնական կառույց չէ, քանի որ «եկեղեցի լինելու համար չափազանց մեծ տարածք է, երկհարկանի է և շատ պատուհաններ ունի»: Ըստ երևույթին՝ կրոնական կառույցները հյուրանոցային դարձնելու լիզենզիա տալու համար նման հեքիաթներով են արդարացնում գնումները:
Չգիտեմ՝ ինչպես են նշանակվել Տիգրանակերտի տարածաշրջանային պահպանման խորհրդի պաշտոնյաները, սակայն երկհարկանի լինելու և շատ պատուհաններ ունենալու համար կառույցի կրոնական լինելը բացառելը ցույց է տալիս, որ տվյալ անձինք այնքան էլ «տեղեկացված» չեն: Նշեմ, որ Կ.Պոլսում բազում եկեղեցիներ ունեն շատ պատուհաններ և երկհարկանի են:
Հիմա պետք է Տիգրանակերտի պատասխանատուներին հարցնել. «Եթե այստեղ ալյուրի գործարան է, այլ ոչ թե եկեղեցի, ինչո՞ւ այն ներառեցիք մշակութային ժառանգությունների պահպանման ցուցակում: Իսկ եթե ներառեցիք՝ ինչո՞ւ չեք պահպանում»:
Պատասխանը բոլորս գիտենք, չէ՞
Քանի որ հայկական է...»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի