Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախի խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ դեռևս Արցախի ԿԸՀ-ն չի ամփոփել ընտրությունների ամբողջական պատկերը, բայց, իր դիտարկումներով, ընտրություններն անցել են նորմալ, և արտառոց ընտրախախտումներ չեն եղել:
Նրա խոսքով` դրական է այն, որ, նախորդ ընտրությունների համեմատ, այս ընտրությունների ժամանակ լուծվել է ընտրությունների անցկացման թափանցիկության խնդիրը, ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգման խնդիրը:
«Մեր հանձնաժողովի անդամները և որոշ դիտորդներ որոշ երևույթներ են արձանագրել եւ արձանագրություններում գրել հատուկ կարծիք: Չեմ կարծում, որ այդ երևույթները ընտրությունների վրա էական ազդեցություն կարող են ունենալ, դրանք տեղական մակարդակի որոշ խնդիրներ են եղել` անվավեր քվեաթերթիկների հաշվառման մասով, տեխնիկական բնույթի»,- ասաց Դավիթ Իշխանյանը:
Հարցին, թե որքանո՞վ արդարացան Դաշնակցության ակնկալիքները, նա պատասխանեց. «Մեծամասնական ընտրակարգով մեր ակնկալիքները համարյա թե բավարարվել են, եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե` 80 տոկոսով: Իսկ համամասնական ընտրակարգով, անկեղծ ասած, արդյունքը գոհացուցիչ չէ, մեր ակնկալիքներն ավելին էին, քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ակնկալում էինք ավելին: Առայժմ այն, ինչ մենք հիմա ունենք, մեզ չի բավարարում, մեր ակնկալած արդյունքին մենք չկարողացանք հասնել»:
Դավիթ Իշխանյանը նաև նշեց, որ, նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ավելի մեծ մասնակցություն կար ընտրություններին, և նկատելի էին քաղաքական կուսակցությունների թե' ակտիվությունը, թե' նրանց դերակատարման մեծացումը հասարակության շրջանում:
«Ընտրողների լայն մասնակցությունն արդեն իսկ վկայում է, որ քաղաքական կուսակցությունները աստիճանաբար դառնում են դերակատար` իրենց շուրջը համախմբելով որոշակի ընտրազանգվածի: Ընտրապայքարի ընթացքում Դաշնակցությունը շեշտը դրել է ծրագրերի վրա, երկրի առջև ծառացած մարտահրավերների վրա»,- ասաց նա: