Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր, ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և այս համատեքստում Թուրքիայի դիրքորոշումը, համոզմունք հայտնեց, որ այս պարագայում մենք դրսևորեցինք բավական զուսպ և օգտակար գործելաոճ:
«Ես կարծում եմ, որ ամեն ինչ անցավ հավուր պատշաճի: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրան նախորդող աշխատանքները բավականին լավ էին կազմակերպված, և ամեն ինչ շատ զուսպ ընթացավ: Բնականաբար, նույնը չի կարելի ասել Թուրքիայում ընթացած Գալիպոլիի միջոցառումների մասին: Ողջ աշխարհին հայտնի է, որ այդ միջոցառումները մշտապես նշվել են մարտի 18-ին, սակայն այս տարի, իբրև թե Հայոց ցեղասպանության միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով, ապրիլի 24-ին նշեցին: Այնտեղ էին գնացել 14 երկրների ղեկավարներ: Բացառությամբ Անգլիայի արքայազնի և Ավստրալիայի նախագահի, Գալիպոլի գնացածները, մեղմ ասած, հակադեմոկրատական երկրների ղեկավարներն էին: Այդ մասին ասել է նաև թուրք լրագրող Բումինը և, որպես հակադեմոկրատական երկրի ղեկավարի օրինակ, շեշտել Իլհամ Ալիևի անունը»,- նշեց Չաքրյանը:
Ըստ նրա` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լուրջ մտավախություն ունի և, դրանից ելնելով, չի արտասանում «ցեղասպանություն» բառը: «Քանի որ ԱՄՆ-ն աշխարհի գերտերությունն է, արտասանելով «ցեղասպանություն» բառը, իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցնում` հետևել ճանաչման և հատուցման գործընթացին: Օբաման, ըստ էության, իր ելույթում շատ պատկերավոր կերպով նկարագրում է հենց ցեղասպանությունը: Նա պարզապես չի արտաբերում այդ բառը»,- ասաց Չաքրյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի քվեարկության հետաձգումը, թուրքագետը պատասխանեց. «Կարծում եմ` պատճառն այն է, որ Օբաման չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Այս իրավիճակից ելնելով` Գերմանիան ընկավ երկմտանքի մեջ: Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ Գերմանիայում ապրում է մի քանի միլիոնանոց թուրքական համայնք»: