Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 24-ին Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում մեկնարկեց «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը: Հունահռոմեական, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին 26 երկրի 300 ըմբիշ է մասնակցում:
Մրցաշարի 1-ին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ դուրս եկան 5 ըմբիշ, այդ թվում` 59 կգ և 130 կգ քաշային կարգում՝ մեկական, 75 կգ-ում ՝ երեքը:
Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց հեղիանակավոր ու ավանդական այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը (ի դեպ, բոլոր 4-ն էլ, հետաքրքիր զուգադիպությամբ, բուլղարացի ըմբիշների հետ), հասավ եզրափակիչ և այստեղ էլ, 2:0 հաշվով առավելության հասնելով տանտերերի ևս մեկ ներկայացուցիչ Իլիան Գեորգիևի նկատմամբ, հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին:
Ֆեյսբուքյան իր էջում Արսենը լուսանկարներ է տեղադրել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հատկանշական է, որ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
Հաջող էր նաև այս նույն՝ 75 կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանի ելույթը, ով նվաճեց բրոնզե պարգևը: Կարապետը նախ 8:0 հաշվով հաղթեց ալբանացի Էնյո Լիմուշային, ապա քառորդ եզրափակիչում առավելության հասավ թիմակցի՝ Վարշամ Բորանյանի նկատմամբ (4:0) ու մտավ կիսաեզրափակիչ: Չալյանի առաջընթացը կանգնեցրեց բուլղարացի Իլիան Գեորգիևը, ով մեր ըմբիշին հաղթեց 4:1 հաշվով: Իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետը կրկին իրեն գերազանց դրսևորեց և ,3:0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկին, գրավեց 3-րդ տեղը:
59 քաշային կարգում 17 ըմբիշների մրցապայքարում ելույթ ունեցած Նարեկ Խաչատրյանը, մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով զիջեց նորվեգացի Տիգ-Անդրե Բերգեին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Նորվեգացին, իր հերթին, կիսաեզրափակիչում 0:9 հաշվով պարտվեց 2013 թ. աշխարհի չեմպիոն, բուլղարացի Իվո Անգելովին: Վերջինս եզրափակիչում, 2:0 հաշվով առավելության հասնելով իր հայրենակից, 2014թ. Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Կոստանդիովի նկատմամբ, դարձավ այս քաշային կարգի հաղթողը:
Գերծանր քաշային կարգում ստուգատեսի հաղթող դարձավ եզրափակիչում եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին 10:0 հաշվով պարտության մատնած ռումինացի Ալեքսիուս Ալին:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վաչիկ Եղիազարյանը 10 մասնակիցների պայքարում քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասավ բուլղարացի Լյուբիմիր Դմիտրովի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 3:12 հաշվով պարտվեց եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին: Վաչիկը 3-րդ տեղի համար պայքարում 0:8 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Արսլան Ալի Նայլին ու բավարարվեց 5-րդ տեղով:
Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցանակներ կխաղարկվեն 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային կարգերում, որոնցում ելույթ կունենան նաև Հայաստանի պատվիրակներ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ) և 2014 թ. աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):