Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայում ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումներին: Ըստ այդմ՝ նախագահների մակարդակով միջոցառումներին մասնակցելու է 21 երկրի ղեկավար՝ Ադրբեջան, Իրաք, Քաթար, Ալբանիա, Բոսնիա Հերցեգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Կիպրոս, Կոսովո, Մակեդոնիա, Մալի, Նիգեր, Պակիստան, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան: Վարչապետերի մակարդակով մասնակցելու է 4 երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մոլդովան, և Ռումինիան: Նախարարների մակարդակով ներկայացված են լինելու Բահրեյնը, Ֆրանսիան, Գաբոնը, Գանան, Գվինեան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Վրաստանը, Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան, Կանադան, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը և Վիետնամը: Եվս 4 երկիր՝ Ռուսաստանը, Գամբիան, Աֆղանստանը և Զամբիան, ներկայացնելու են խորհրդարանական պատվիրակությունները: Դեսպանների մակարդակով ներկա են լինելու Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Ղազախստանը, Մալայզիան, Սլովակիան, Սաուդյան Արաբիան և Օմանը: Ընդհանուր՝ 58 երկիր:
Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիային հաջողվել է լուծել խնդիրը: Հատկապես պատկառելի է թվում ամենաբարձր մակարդակով 25 երկրների մասնակցությունն այն դեպքում, երբ Երևանում այդ օրը ներկա են լինելու միայն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները: Իրականում, սակայն, հրապարակված այս ցուցակը բացահայտում է Թուրքիայի սանձազերած մանիպուլյացիոն խաղում նրա ձախողումը:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ նախագահ Էրդողանը միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել 120 երկրի ղեկավարի: Բացի այն, որ դրանցից հրավերը փաստացի ընդունել է միայն նրանցից 25-ը, ընդհանուր մասնակցող երկրների թիվը նույնիսկ չի հասնում հրավիրվածների կեսին:
Թուրքիա մեկնող պատվիրակությունների բացարձակ մեծամասնությունը մուսուլմանական, հիմնականում` աֆրիկյան և Արաբական թերակղզու երկրներից են, որոնցից Ցեղասպանության ճանաչման իմաստով սպասելիքներ չեն էլ եղել: Թուրքիայի այս արկածախնդրությանը օժանդակություն են ցուցաբերել հիմնականում ավանդաբար նրա հետ սերտ կապեր ունեցող երկրները, որոնք, բացի այն, որ միջազգային քաղաքականության վրա առանձնապես մեծ ազդեցություն չունեն, նաև աչքի են ընկնում տոտալիտար կամ ուժեղ ավտորիտար ռեժիմներով:
Մասնակիցների թվում նշվում են նաև Հյուսիսային Կիպրոսը և Կոսովոն, որոնք լիարժեք ճանաչված պետություններ չեն: Սրանց պատվավոր հյուրերի շարքում ընդգրկելը ցուցադրում է Անկարայի աննախանձելի վիճակը, թեեւ չի կարելի չնկատել Հյուսիսային Կիպրոսի սուվերենությունն այս կերպ ընդգծելու` Անկարայի ձգտումը:
Մյուս օրինաչափությունն այն է, որ ազդեցիկ երկրներից այդ միջոցառումերին բարձր մակարդակով մասնակցում են նրանք, որոնք անմիջական կապ ունեն ճակատամարտի հետ: Դրանք են՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան:
Ուշագրավ է այն փաստը, որ սրանց կողքին այդ միջոցառումներին ամենաբարձր մակարդակով մասնակցությունից խուսափել են Առաջին աշխարհամարտում հենց Թուրքիայի անմիջական դաշնակից երկրները՝ Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան: Վերջինս, ի դեպ, մասնակցելու է նախկին նախագահի մակարդակով: Իսկ առաջին երկուսը Էրդողանի հրավերին պատասխանեցին խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևերի ընդունմամբ:
Առհասարակ, նկատելի է թուրքական խաղերին չտրվելու առումով թե' Եվրոպայի և թե', ընդհանուր առմամբ, քրիստոնեական երկրների ցուցաբերած զգուշավորությունը: Դրանց մեծ մասը նախընտրել է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Թուրքիայի միջև: Հավանաբար, դրա վրա հզոր ազդեցություն է ունեցել Հռոմի պապի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին արված հայտարարությունը և մատուցված պատարագը: Եվ դա միանգամայն հասկանալի է: Իր այդ ելույթով Պապն անուղղակի բարոյական պատնեշ ստեղծեց` այդ օրը Թուրքիա գնալն անբարոյականություն է:
Այս իմաստով հետաքրքրական է, որ ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակած ցուցակում բացակայում է ԱՄՆ-ը: Այսօր հրապարակվեց Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար նախագահ Օբամայի կողմից կազմված «նախագահական» պատվիրակության կազմը: Այս կերպ կապելով հայերի աչքերը` Օբաման «փոխհատուցում է» ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրը չարտասանելու` իր որոշումը: Փաստորեն, Թուրքիա ԱՄՆ-ի պատվիրակություն չուղարկել այն գինն է եղել, որն Սպիտակ տունը պահանջել է Անկարայից Օբամայի «լռության» դիմաց:
Անկարայի այս ձախողումը մեխանիկորեն չի նշանակում, որ Երևանը հաղթել է: Այն փաստը, որ ԱՄՆ-ը երրորդ-չորրորդական մակարդակով պատվիրակություն ուղարկելով է ուզում խաբել Երևանին, իսկ ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի «դաշնակից» երկու երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ընդհանրապես չնկատելու են տալիս ապրիլի 24-ի խորհուրդը, արդեն մտորելու տեղիք է տալիս: Կամա, թե ակամա, սրանով արտացոլվում է միջազգային արենայում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի, նրան վերապահվող դերակատարության մակարդակը:
Բայց Հայաստանը միջոցառումների կազմակերպման հարցում Թուրքիայի հետ մրցակցության խնդիր չէր էլ դրել: Նախ` հաշվի առնելով Թուրքիայի և Հայաստանի միջազգային կշիռների տարբերությունը` նման մրցակցություն անիմաստ կլիներ: Երկրորդ` տվյալ դեպքում ամենակարևորը` ցավի և հիշատակման առիթը դիվանագիտական մրցակցության առարկա դարձնելը կլիներ այդ ցավն ու հիշողությունը էժանացնելու ամենամեծ անբարոյականությունը: Ի վերջո, էականը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունների թվի մեծության ցուցադրությունը չէ:
Այս գործընթացի իրական, շոշափելի արդյունքը Ցեղասպանության ճանաչման գործընթացը որակապես նոր փուլ տեղափոխելն է: Եվ այս հարցում թեեւ հայկական աշխարհը չստացավ այն, ինչ ակնկալում էր, բայց Թուրքիան պարտություն կրեց մի քանի կարևոր ճակատներում՝ կորցնելով, ժխտողականության առումով, իր հիմնական ստրատեգիական հենակետերը:
Գևորգ Աղաբաբյան