կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 16:33
Սպորտ

«Ուլիս»-ի վերջին հնարավորությունը

«Ուլիս»-ի վերջին հնարավորությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունը հետզհետե մոտենում է եզրագծին: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 7 տուր: Ապրիլի 18-ին և 19-ին տեղի կունենան 22-րդ տուրի հանդիպումները:  Հենց այս տուրում էլ կարող է վճռվել 23-րդ առաջնության  չեմպիոնության հարցը:


«Հանրապետական» մարզադաշտում առաջատար «Փյունիկ»-ը կհյուընկալվի «Ուլիս»-ին: Հաղթանակի դեպքում Սարգիս Հովսեփյանի թիմը «Ուլիս»-ից առաջ կանցնի 10 միավորով: Իհարկե, տեսականորեն «Ուլիս»-ը կպահպանի շանսերը` չեմպիոնի կոչումը նվաճելու համար,  սակայն  դժվար է պատկերացնել, որ մնացած 7 խաղերից («Փյունիկ»-ն ու «Ուլիս»-ը մեկական հանդիպում պակաս են անցկացրել և մրցելու են «Գանձասար-Կապան»-ի հետ)  4-ում «Փյունիկ»-ը կպարտվի, իսկ «Ուլիս»-ը կկարողանա առաջնության վերջին շրջանում հանդես գալ առանց միավորների կորստի:

 

Դեռևս մրցաշրջանի մեկնարկին «Ուլիս»-ը հաճելիորեն զարմացրեց իր երկրպագուներին: 12-րդ տուրից հետո թիմը մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկ»-ից առաջ էր 13 միավորովՀավանաբար, «Ուլիս»-ի ֆուտբոլիստները նույնպես ժամանակից շուտ հավատացին իրենց հաջողությանը, ինչն էլ խոչընդոտ հանդիսացավ թիմի հետագա դրական  ելույթներին: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ  միայն մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ  թիմը համալրվեց ամբողջովին նոր ֆուտբոլիստներով, ապա  տրամաբանական են նման ելույթները: Առանց ուսումնամարզական հավաք անցկացնելու հանրավոր չէ կայուն ելույթներ ունենալ:


«Ուլիս»-ի համար, կարծես, ամեն ինչ իր հունով էր ընթանում մինչ 13-րդ տուրը:  Մի քանի տպավորիչ հաղթանակներից հետո հայ մարզասերներն արդեն նույնիսկ խոսում էին գալիք չեմպիոնների լիգայի որակավորման փուլում  «Ուլիս»-ի ելույթների մասին:  Սակայն դեռևս առաջնության հասարակածագոտում թիմի խաղաքարտերն սկսեցին խառնվելՎերակազմավորված «Ուլիս»-ի ձախողումը սկսվեց հենց 13-րդ տուրից, երբ թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտվեց «Միկա»-ին, այնուհետև հետևեցին պարտություններ «Շիրակ»-ից և «Փյունիկ»-ից: Առաջատարի նման անհաջող հանդիպումները թույլ տվեցին «Փյունիկ»-ին ընդհուպ մոտենալ նրան: Իսկ արդեն մի քանի տուր հետո Սարգիս Հովսեփյանի թիմը ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը:


Հարկ է նշել, որ առաջնության 3-րդ շրջանում «Ուլիս»-ը անցկացրած 7 խաղերում կրել է 4 պարտություն, տոնել 1 հաղթանակ և 1 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի: Այնուամենայնիվ, ապրիլի 19-ին կայանալիք խաղում հաղթանակի դեպքում «Ուլիս»-ը չեմպիոնության որոշակի հույսեր կունենա, քանի որ միավորների տարբերությունը մրցակցի նկատմամբ  կհասցնի 4-ի և մնացած 7 խաղերում, հույսը դնելով «Փյունիկ»-ի սայթաքումների վրա,  կփորձի օգտվել առիթից:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ