Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ առանց գլխավոր մարզչի, սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռևս չի ցանկանում խոսել հավաքականի նոր մարզչի նշանակման մասին, ավելին` վերջերս մեզ հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցով չի կարելի դիմել իրեն, և մատնացույց արեց ՀՖՖ մամուլի քարտուղարությանը:
Հայաստանի ազգային հավաքականը ստեղծման օրվանից գլխավորել է 15 մարզիչ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել թիմին դուրս բերել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Բեռնար Շալանդի հրաժարականից հետո հայկական ֆուտբոլային աշխարհը չի դադարում խոսել նոր մարզչի նշանակման մասին: Այս օրերին շարունակում են հնչել տարատեսակ կարծիքներ, նշվում են տարբեր մասնագետների անուններ, սակայն ՀՖՖ-ն դեռևս լռում է: Մեր տեղեկություններով՝ առավել շրջանառվում է Վարուժան Սուքիասյանի անունը, ով գլխավորել է մեր հավաքականը 2000-2001 թվականներին: Հիշեցնենք, որ Yerkir.am-ի զրույցում Սուքիասյանը նշել էր, որ պատրաստ է գլխավորել ազգային թիմը:
Շրջանառվում է նաև «Փյունիկ»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Սարգիս Հովսեփյանի անունը, իսկ երկրապագուների մեծ մասը ցանկանում է Մինասյանի վերադարձը: Այս ցանկությունն իրականանալու ավելի մեծ հնարավորություն ստացավ այսօր, երբ հայտնի դարձավ, որ Մինասյանը պաշտոնանկ է արվել ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Դժվար է պատկերացնել, որ Մինասյանը կկարողանա ավելի հեշտությամբ այլ աշխատանք գտնել, քան ազգային թիմը գլխավորելը:
Վարդան Մինասյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց 2009 թվականին: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը Մինասյանը քաջատեղյակ էր հայ ֆուտբոլիստների ներուժին և արդեն հասցրել էր աշխատել ազգային թիմի հետ` որպես գլխավոր մարզչի օգնական:
Երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդը, ով 2007-ին նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ, մեծ հույսեր արթնացրեց հայ երկրպագուների մոտ և ցույց տվեց, որ այս հավաքականն ունի հնարավոր բոլոր նախադրյալները` Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար: Յան Պորտերֆիլդից հետո հավաքականի մարզչի պաշտոնակատարներ նշանակվեցին շոտլանդացու օգնականներ Վարդան Մինասյանն ու Թոմ Ջոնսը: Այնուհետև ՀՖՖ-ն հայտարարեց հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը` Յան Պոուլսեն: Դանիացին, 1 տարի մնալով հավաքականի ղեկին, ձախողեց Մունդիալ 2010-ի ընտրական փուլը և գլխիկոր հեռացավ Հայաստանից:
Պոուլսենից հետո հերթն արդեն Մինասյանինն էր: Հայ մասնագետն, արդեն որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ, առաջին խաղում նվազագույն հաշվով պարտվեց Էստոնիային: Մունդիալ 2010-ի ընտրական փուլը մեր հավաքականն ավարտեց վերջին հորիզոնականում, սակայն, արդեն նոր ընտրական ցիկլում Մինասյանն ամբողջությամբ կերպարանափոխեց հավաքականը: Առավել քան երբևէ, հայ ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնությունում հայտնվելու ամենամեծ հնարավորություններն ունեցան հենց Մինասյանի օրոք: Եվրո-2012-ի ընտրական փուլում հավաքականի ցույց տված արդյունքը լավագույնն էր պատմության ընթացքում: Մեր հավաքականն ընտրական այդ փուլում, Մինասյանի գլխավորությամբ, 10 խաղերից 5-ում հաղթեց, կրեց 3 պարտություն և 2 անգամ ոչ-ոքի խաղաց մրցակիցների հետ: Վաստակած 17 միավորով Հայաստանը խմբում գրավեց 3-րդ հորիզոնականը: Ընտրական փուլի վերջին հանդիպումը, որտեղ որոշվում էր Հայաստանի ընտրանու՝ խմբից դուրս գալու հարցը, հայ երկրպագուների համար վերածվեց կատարյալ դրամայի: Իռլանիայից կրած պարտությունը (2:1) դեռևս երկար կմնա հայ երկրպագուների հիշողության մեջ:
Մունդիալ 2014-ի ընտրական փուլն այնքան էլ հաջող չդասավորվեց Մինասյանի համար: Ճիշտ է, մեկնարկային խաղում մեր տղաները նվազագույն հաշվով հաղթեցին Մալթային, սակայն դրան հետևեցին պարտություններ Բուլղարիայի (1:0), Իտալիայի (3:1), Չեխիայի (3:0) և Մալթայի (1:0) հավաքականներից: Դեռևս Երևանում Չեխիայի հավաքականից կրած 3:0 հաշվով պարտությունից հետո Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն ՀՖՖ-ն մերժեց այն: Ընտրական փուլի ավարտից հետո Մինասյանը կրկին հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այս անգամ երիտասարդ մարզչին մտափոխել չհաջողվեց նույնիսկ ՀՖՖ նախագահին:
Եվրոպայի առաջնության ընտրական այս փուլն արդեն կարելի է ավարտված համարել հայ ֆուտբոլիստների համար: Դժվար թե ՀՖՖ-ն հրավիրի արտասահմանցի մարզչի, քանի որ հաջորդ ընտրական փուլի մեկնարկին կա գրեթե 1,5 տարի, իսկ արտասահմանցի մարզիչ հրավիրելու համար մեծ գումարներ կպահանջվեն: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից ամենահավանականների թվում թերևս Վարդան Մինասյանն է: Հատկանշական է, որ ՀՖՖ նախագահը բազմիցս նշել է, որ խոսել է և նույնիսկ անձամբ է փորձել համոզել Մինասյանին, որպեսզի նա վերադառնա ազգային թիմ: Հավանական է, որ Հայրապետյանը հիմա էլ կփորձի քայլ կատարել՝ Մինասյանին վերադարձնելու համար: Իսկ թե որքանով կստացվի, կտեսնենք մոտ ապագայում:
Մինչ այդ հայ երկրպագուները սպասում են, թե այս անգամ ում հետ պետք է կապեն իրենց երազանքը: Երազանք, որի իրականացմանն արդեն երկար տարիներ սպասում են հայ ֆուտբոլասերները, ովքեր արդեն գրեթե 1 տարի է՝ «խեղդվում են» հաղթանակի ծարավից, իսկ այդ ծարավը հագեցնելը մեծապես կախված կլինի հավաքականի նոր մարզչից:
Մի բան հստակ է՝ ով էլ լինի նոր մարզիչը, հայ երկրապագուն շարունակելու է աջակցել և հավատալ իր սիրելի հավաքականին, չէ՞ որ պատմության ընթացքում դեռևս չենք ունեցել անհատապես այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված Հայաստանի ազգային հավաքական:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ