Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քարդաշյան ընտանիքը, այդ թվում` փեսեն՝ Քանյեն, հեռացավ Հայաստանից` դրանով իսկ ապացուցելով, որ Հայաստանում բնակվելու համար բավարար չէ Վահագնի թաղամասում հողակտոր ունենալը: Չնայած այս հանգամանքին` Քարդաշյանների, ինչպես Քիմն էր ասել, «կյանքի ճանապարհորդությանը» դեռ շարունակում է անդրադառնալ տեղական եւ միջազգային մամուլը, վերջինս` ավելի հազվադեպ` էկզոտիկայից ելնելով, առաջինը` վերջին օրերին ձեւավորված սովորության համաձայն:
Ըստ էության` Քիմի եւ նրա ընտանիքի մասին շատ խոսվեց եւ, կարելի է ասել, ամեն ինչ ասվեց: Իրականում` ի՞նչ տվեց Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստանին, եթե մի կողմ դնենք Հայոց ցեղասպանության հարցում Քիմի «աշխատանքը», ՀՀԿ-ի տատիկի հետ նրա հուզիչ հանդիպումը, հայկական ուտեստների հանդեպ ցուցաբերած սերը, հագածը…
ա/ Այդ այցելությունից հետո հասկացանք, որ եթե Քիմն անբարոյական էլ է, ապա մեր անբարոյականն է:
բ/ Տեսնելով, թե ինչպես է փոքրիկ Նորթը մկրտվում Երուսաղեմի հայկական եկեղեցում, հասկացանք, որ Աստված ներում է Քիմի մեղքերը, եւ երբ Աստված է դա անում, ապա ո՞վ ենք մենք:
գ/ Տեսնելով, թե ինչպես են մի խումբ երիտասարդ տղաներ Քանյեի հետեւից ցատկում Կարապի լիճը, հասկացանք, որ խելահեղները ճանապարհ են բացում, որով նրանց հետեւից գնում են խելացիները:
դ/ Քարդաշյանների հեռանալուց հետո զգացինք, որ մնացինք խելացիներով` փակ ճանապարհների առջեւ, եւ հենց դա է գաղջը:
Էլի բաներ հասկացանք, օրինակ` այն, թե ինչպես է պետք բարձրանալ Ծիծեռնակաբերդ, ինչպես կարելի է Հայաստանում լինել եւ «shad lav» լինել, ինչպես կարելի է ոչ թե ելույթ ունենալ հավաքված մարդկանց առջեւ, այլ ելույթով մարդկանց հավաքել… Եվ ամենակարեւորը` հասկացանք, որ կարող ենք դառնալ մեծ աշխարհի մի մասը:
Մնաց` չմոռանանք: Իսկ այն, որ 100 տարի առաջ մենք Ամերիկային տվեցինք ամերիկյան գրականության դասական Վիլյամ Սարոյանին, իսկ հիմա տվել ենք Քիմ Քարդաշյանին, դրա մեղավորը մեր արժեհամակարգի մակարդակի ցածրացումը չէ` հատկապես հաշվի առնելով, որ Սարոյանը Սարոյան, Քարդաշյանը Քարդաշյան է դարձել արդեն Ամերիկայում` «պահանջարկը ծնում է առաջարկ» սկզբունքով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ