կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 14:46
Հասարակություն

Ներմուծվող ապրանքների զգալի մասն արտադրվում է տեխոլոգիական խախտումներով. Արծվիկ Մինասյան

Ներմուծվող ապրանքների զգալի մասն արտադրվում է տեխոլոգիական խախտումներով. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան:

 

«Սա ներկայացուցչական մարմին է, և պատգամավորը, Սահմանադրության համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կարող կրել, եթե դա, իհարկե, զրպարտություն և վիրավորանք չէ: Կխնդրեի, որ այս կանոնը հարգեիք: Դուք, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, ասացիք, որ ձեզ անձերը չեն հետաքրքրում, մինչդեռ` օրենքով ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է՝ պատշաճ մրցակցություն ապահովելու համար, հետևաբար, ձեզ սեփականատերերը միանշանակ հետաքրքրում են: Եթե կա անձ, որը մի քանի ազդեցություն ունեցող ընկերությունների սեփականատերնէ, և մենաշնորհ կա, պարզ է, որ այստեղ կարող են մենաշնորհների հետ կապված խնդիրներ լինել: Վերջերս բացահայտ են դարձել ապրանքային, հատկապես` սննդային շուկաներում ոչ պատշաճ կամ ոչ համարժեք որակի ապրանքների շրջանառությունը, իրացումը, որի արդյունքում տուժում է սպառողը: Որքանո՞վ եք տեսնում ձեր հանձնաժողվի գործունեության և սպառողների շահերի պաշտպանության միջև համակցությունը»,- հարցրեց պատգամավորը:

 

Արտակ Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ին չեն հետաքրքրում տնտեսվարողների անձերը՝  նրանց կարգավիճակի կամ սոցիալական դասի առումով: Որակի ու մրցակցության խնդիրների կապակցվածության վերաբերյալ նա նշեց, որ, այո, դրանք իրար հետ փոխկապակցված են, սակայն որակի հետ կապված խնդիրները ՏՄՊՊՀ գործառույթների մեջ չեն մտնում, այլ ուրիշ մարմնի գործառույթ է, թեև որակի խնդիրը կարող է ազդել մրցակցային դաշտի վրա: Որպես օրինակ` նա նշեց ՏՄՊՊՀ բացահայտումը` սփրեդի ու կարագի հետ կապված, երբ վաճառել են սփրեդ՝ դրա վրա չգրելով, որ դա սփրեդ է, և սպառողը գնել է այն որպես կարագ` կարագի գնով:

 

Արծվիկ Մինասյանը արձագանքեց` ասելով, որ ներմուծումների ծավալի զգալի հատվածը պայմանավորված է տեխնոլոգիական խոշոր խախտումներով, երբ տեղի գործարարը ստվերային պայմանավորվում է դրսի արտադրողի հետ, որ տեխնոլոգիական խախտմամբ ցածր գնի ներքո ներմուծի ու իրացնի ապրանքը, որի թերությունները, որակի հետ կապված, առաջին հայացքից սպառողին չեն երևում, այնինչ`  դա ռիսկ է պարունակում` որակի տեսանկյունից: