Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Հանրապետության Նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր:
Հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել է, որ մեծապես գնահատում է Հայաստանի և եվրոպական գործընկերների միջև ընթացող երկխոսությունն ու համագործակցությունը: Նա նշել է, որ այժմ վերանայվում է Եվրոպական հարևանության քաղաքականության հայեցակարգը, որի սկզբունքների շուրջ տեսակետների ակտիվ փոխանակում է իրականացվում: Այդպիսի կարևոր սկզբունքներից մեկը, ըստ հանձնակատար Հանի, այն է, որ հարևանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ հետ ԵՄ-ն պետք է ունենա անհատական մոտեցում՝ հասկանալով և հարգելով համագործակցության վերաբերյալ տվյալ երկրի պատկերացումներն ու մոտեցումները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը օգտակար է համարել Հայաստանում բարեփոխումների խթանման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել եվրոպական բոլոր կառույցներին՝ այս հարցում մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Յոհաննես Հանը նշել է, թե ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում նախորդ փուլի բանակցությունները վատնված ջանքեր չէին, և անկախ հետագա զարգացումներից, դրանք օգտակար էին ակնկալիքներն ու սահմանված չափանիշները, նաև եվրոպական շուկայում մրցունակ լինելու հնարավորությունները պատկերացնելու առումով:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: