կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 18:06
Առանց Կատեգորիա

Ինչ կփոխվի, եթե առյուծի երախը բացվի

Ինչ կփոխվի, եթե առյուծի երախը բացվի

Որ մեր պետական զինանշանը որոշ թերությունե ունի, գիտենք, շատ են խոսում այդ մասին: Դե, օրինակ, զինանշանում պատկերված առյուծի երախը բաց չէ, փակ է, ինչը պասիվության նշան է, ինչից էլ հետեւում է, որ մեր երկիրը պասիվ երկիր է: Գիտենք նաեւ, որ մեր օրհներգը ամենեւին էլ լավագույն ստեղծագործությունը չէ, որ կարող էր լինել, իսկ մենք, իհարկե, արժանի ենք լավագույնին:

 

Բայց ի՞նչ անենք: Լավ, ենթադրենք բոլոր հարցերը մի կողմ ենք դնում, դե, օրինակ, բնակչության սոցիալական մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը կամ սահմանադրական բարեփոխումները, կամ երկրի առջեւ ծառացած արտաքին լրջագույն մարտահրավերները, Ցեղասպանության տարելիցին պետական պատրաստությունները եւ այլն, ու ազգովի մտածում ենք զինանշանը եւ հիմնը բարեփոխելու մասին:

 

Ստեղծում ենք պետական հանձնաժողով, որն էլ անցկացնում է հիմնի եւ զինանշանի համազգային մրցույթ` «Թող ամեն հայ նկարի իր զինանշանը եւ գրի իր հիմնը» խորագրով: Պատկերացնո՞ւմ եք` որքան նկարիչներ եւ կոմպոզիտոր-պոետներ կհայտնվեն, ես կարծում եմ` ճիշտ այնքան, որքան հայ կա: Ի՞նչ կփոխվի դրանից. ենթադրենք առյուծի երախը բացում ենք, արծիվին էլ հավելում սուր ճիրաններ, հիմնն էլ պարուրում ենք չնաշխարհիկ մի երաժշտությամբ, որը լսելիս ակամայից ուզում ես ոտքի կանգնել եւ այդպես կանգնած մնալ` բացված երախով առյուծի ամեն մի հրամանին սպասելով: Ի՞նչ կփոխվի:

 

Օրինակ` ես կարծում եմ, որ Ադրբեջանն ինչպես կրակում էր մեր ուղղությամբ, այնպես էլ շարունակելու է կրակել, Թուրքիան ինչպես ժխտում էր Ցեղասպանությունը, այնպես էլ շարունակելու է ժխտել, Հայաստանից ինչպես ընդմիշտ հեռանում էին առյուծի փակ երախի ներքո, այնպես էլ հեռանալու են, եթե երախն այդ բացվի… Հետեւաբար` փոխենք, որ ի՞նչ լինի, որ լա՞վ ապրենք:

 

Բայց մի կարեւոր բան էլ կա. իսկ եթե փոխենք, ու նոր սերունդը մեծանա ու չհավանի մեր բաց երախով առյուծն ու հիմնի երաժշտությունն ամենեւին էլ չնաշխարհիկ չհամարի, ավելին` անվանի ժամանակի ոգուն ոչ հարիր, ոչ մոդայիկ, ի՞նչ պիտի անենք: Պիտի էլի՞ փոխենք, այդպես դեռ քանի՞ անգամ…

 

Հիմնն ու զինանշանը, նաեւ` դրոշը չեն փոխում: Օրինակ` ես երբեք չեմ սիրել նարնջագույնը կամ, ինչպես Ավետ Բարսեղյանն է ասում, ծիրանագույնը, բայց դա չի նշանակում, որ ես պահանջում եմ հանել այդ գույնը դրոշից, փոխարենը դնել, ենթադրենք, շագանակագույնը: Ավելին` ես խոնարհվում եմ հայկական եռագույնի առջեւ, անգամ, երբ այնտեղ կա իմ չսիրած գույներից մեկը: Ի վերջո, կան փոփոխման ենթակա բաներ, եւ կան անփոփող բաներ, օրինակ` Հայաստանում ներկայիս իրավիճակը փոփոխման ենթակա է, բայց Հայաստանի Հանրապետությունը` ոչ:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ