կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 16:12
Իրավական

Մեզ վրա շառ են անում. Ծաղիկ Ռուբոյի եղբորորդու սպանության մեջ մեղադրվողը դիմեց լրագրողներին

Մեզ վրա շառ են անում. Ծաղիկ Ռուբոյի եղբորորդու սպանության մեջ մեղադրվողը դիմեց լրագրողներին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած` երեք տղամարդկանց աղմկահարույց սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 25-ին: Մի քանի անձինք Նուբարաշենի խճուղում ինքնաձիգներով կրակահերթ են արձակել տաքսի ծառայության ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքներից ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը եւ Դավթաշենի բնակիչ Արկադի Գեւորգյանը սպանվել էին, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Գեւորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը հաջողվել էր փրկել: Նշենք, որ Արկադի և Արտյոմ Գևորգյանները Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի եղբորորդիներն են:

Այսօրվա դատական նիստին դատավորը, մասնակիորեն բավարարելով ամբաստանյալներ Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի պաշտպանների միջնորդությունները՝ հրապարակեց ամբաստանյալների՝ մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելքը վերացնելու մասին որոշումը:

Այսօրվա նիստին ցուցմունք տվեց վկա Կարեն Մակարյանն, ով ըստ նախաքննական տվյալների՝ 12 տարի առաջ՝ դեպքից հետո, իր տաքսիով տեղափոխել է ամբաստանյալներին: Վկան դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչում և նրանց երբևէ չի տեսել, մինչդեռ նախաքննության ընթացքում նույն վկան, իբրև թե ճանաչել է երկու մեղադրյալների լուսանկարները:

Վկան պնդեց, որ ժամանակին քննիչների ցուցադրած նկարներում պատկերված անձանցից որևէ մեկին չի ճանաչել, այլ միայն մի նկարում պատկերվածին նմանացրել է իր մեքենան նստած քաղաքացիներից մեկին: «Երկու ամիս գրեթե ամեն օր կանչել են ոստիկանություն, դատախազություն, նախարարություն, երկու ամիս նորմալ չեմ էլ կարողացել աշխատել, անընդհատ նույն հարցերն էին տալիս»,-պատմեց վկան և հավելեց, որ քնիչներն այն ժամանակ իր մեքենայի միջից առգրավվել են նստատեղերի խալիներն ու մինչև հիմա չեն վերադարձրել:

Վկան նաև հայտնեց, թե քննիչներն իրեն ասել են, թե ինչ ձև գրի, իսկ ճանաչման վերաբերյալ արձանագրությունն իր ձեռքով չի գրել, այլ միայն ստորագրել է:

Ի դեպ՝ նիստի ընդմիջման ժամանակ՝ գործով ամբաստանյալներից Անդրանիկ Երեմյանը ՝ դիմելով լրագրողներին, խնդրեց գրել,- «Մեզ վրա շառ են անում»:

Այսօրվա նիստին վկայություն տվեց նաև սպանությունների մեջ մեղադրվող, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Առաքել Սարգսյանի եղբայրը՝ Սարգիս Սարգսյանը: Վերջինս պատմեց, որ 12 տարի առաջ իրեն բռնել և 3 օր պահել են ոստիկանությունում: Նա պատմեց, որ 2003թ-ին իր եղբայրը Գերմանիայից եկել էր Հայաստան և այդ առիթվ իրենց գյուղի տանը գառ են մորթել՝ քեֆ կազմակերպել:

«Ախպերս մեր տանը մի ժամ ա մնացել, հետո ճանապարհել եմ «Զվարթնոց» օդանավակայան, բայց հաջորդ օրն անսպասելի զանգեց կանչեց, ասաց, որ չի ստացվել գնալն ու 100 դոլար փող տվեց»,-պատմեց վկան և հավելեց, որ այդ օրվանից մինչ օրս եղբորը չի տեսել: Վկայի նախաքնական ցուցմունքում նշված է, որ նա այն ժամանակ եղբորը հանդիպելիս նրա հետ այլ անձանց է տեսել և ճանաչել, սակայն դատարանում Սարգսյանը պնդեց, որ եղբորը մենակ է տեսել: «Ես էն ժամանակ ծանր հոգեկան վիճակում էի, մայրս կույր էր, կինս՝ ծանր հիվանդ, ինձ ինչ տվել են ՝ ստորագրել եմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը: Նույն տվյալների համաձայն՝ պատվիրված սպանությունը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանը, Անդրանիկ Երեմյանը և Առաքել Սարգսյանը