կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 18:50
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը չի հեռացել, նրան պարզապես «կոնսերվացրել են»

Ծառուկյանը չի հեռացել, նրան պարզապես «կոնսերվացրել են»

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռացել: ԲՀԿ համագումարում նա հայտարարեց ոչ թե, առհասարակ, քաղաքականությունից, այլ ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Եվ, որպես դրա ապացույց, Ծառուկյանը ոչ թե դուրս եկավ իր ստեղծած կուսակցությունից, այլ ընդամենը հրաժարվեց ԲՀԿ-ի նախագահի կարգավիճակից. նա շարունակում է մնալ ԲՀԿ-ական, բայց արդեն` որպես շարքային և հնարավորինս անաղմուկ կուսակցական: Նա դուրս չեկավ անգամ ԲՀԿ խմբակցությունից, թեեւ, ի տարբերություն կուսակցությունը լքող իր գործընկերների, նրան չէր սպառնում մանդատը վայր դնելու հեռանկարը, քանի որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն է: Եթե Ծառուկյանն իսկապես որոշեր կամ նրան ստիպեին հեռանալ քաղաքականությունից և կուսակցությունից, ապա նա ոչ միայն դրանից դուրս գալու մասին հայտարարություն պետք է աներ, այլև առանց հապաղելու վայր դներ պատգամավորական մանդատն այնպես, ինչպես դա արեց խորհդարանական մեկ այլ նախկին պատգամավոր` Ռուբեն Հայրապետյանը:

 

Եթե այդ տարբերակներն ունենալով հանդերձ՝ Ծառուկյանն, այնուամենայնիվ, չի դիմում դրանց, նշանակում է՝ գործ ունենք բոլորովին այլ իրողությունների և հստակ քաղաքական հաշվարկների հետ, որոնք կառուցվում են, ըստ էության, քաղաքականությունում Ծառուկյանի դերակատարության առժամանակ սառեցման գործոնի վրա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ակնհայտ է, որ «սառեցման» այս մարտավարությունը Ծառուկյանինը չէ: Նա պարզապես առաջնորդվում է այն սցենարով, որը գրվել է իր համար և ըստ ամենայնի՝ գրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարկի տակ` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան խորհրդավոր հանդիպման ժամանակ: Իբրև հմուտ շախմատային խաղացող` Սերժ Սարգսյանը չէր կարող հենց այնպես ֆիգուր զոհաբերել: Ներքին քաղաքականության մեջ բազմաքայլ կոմբինացիաների «վարպետը» որոշել է պարզապես պահեստավորել Ծառուկյանի գործոնը՝ ցանկացած պահի այն հետագայում խաղարկելու համար:

 

Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում Ծառուկյանի մնալը, անգամ` քաղաքական մումիայի կարգավիճակում, այդ կուսակցությունը ներսից կառավարելու, վերահսկելի պահելու հնարավորություն է տալիս, առավել ևս` եթե հաշվի առնենք, որ նորացված ԲՀԿ-ն, որտեղ դեռ մնում են որոշ գործարար շրջանակներ, իրեն ընդդիմություն է հռչակում և ամենակարևորը՝ դեռևս խորհրդարանում պահպանում է ֆորմալ երկրորդի կարգավիճակը: Ծառուկյանի ցանկացած չափավոր, անգամ` թույլ ակտիվացում այդ կուսացկության ներսում այն ենթարկելու է ցնցումների:

 

Երկրորդ՝ ԲՀԿ-ի և, այսպես կոչված, «հրաշալի եռյակի» փլուզմանը հասնելով՝ իշխանությունը ձեռք բերեց կատարելապես քանդված, ավերակների վերածված արմատական ընդդիմադիր դաշտ: Մինչդեռ` հատկապես քաղաքականության մեջ երկարաժամկետ վակուումներ չեն լինում, դրանք ինչ-որ պահից սկսում են լցվել: Իշխանության համար շատ ավելի նախընտրելի է, որ այդ տարածքը լցվի իր համար միանգամայն կանխատեսելի և փորձված կոնյունկտուրային ուժերով, այլ ոչ թե «արկածախնդիրներով», գաղափարականներով կամ սկզբունքայիններով, որոնցից կարելի է սպասել ամեն ինչ: Իսկ ԲՀԿ-ն դրա համար առավել քան հարմար, եթե չասնեք` անփոխարինելի պահեստային ռեսուրս է, որի նման ուժերի կարիքը իշխանությունը միշտ զգում է հատկապես ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ ԲՀԿ-ն իր գոյության ողջ ընթացքում կատարել է ընդդիմադիր տրամադրությունները արհեստականորեն գեներացնող, ապա վճռական պահերին փոշիացնող դեր, ինչի արդյունքում իշխանությունը միշտ կարողացել է ապահովել իր վերարտադրությունը:

 

Ծառուկյանն իշխանության համար «անցանկալի անձ» դարձավ այն պահից սկսած, երբ փորձեց դուրս գալ իր համար գծված այդ շրջանակից և վերահսկողությունից, ինչով և պայմանավորված էր նրան չեզոքացնելու` քաղաքական որոշման կայացումը: Չի բացառվում, որ ԲՀԿ-ում վերացնելով այդ անհնազանդության օջախը, հանրապետության նախագահը փորձում է նորացված և իր կազմում «մարինացրած» Ծառուկյան պարունակող ԲՀԿ-ին կրկին փորձարկել նման բուֆերի կարգավիճակում: Կուսակցության ղեկավարի դիրքում անպիսի մի ֆիգուրի «ներդրում», ինչպիսին խարիզմատիկ լիդերի կարգավիճակի ձգտող, ամբիցիոզ (ոչ բացասական իմաստով) Նաիրա Զոհրաբյանն է, տալիս է դրա հնարավորությունը: Ավելին` եթե ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարությունը կարողանա համոզիչ խաղալ իրեն տրված դերը, գուցե հաջողվի իսկապես համոզել, որ ԲՀԿ-ի դիմափոխությունն իրական է: ԲՀԿ-ում Ծառուկյանի պասիվ ներկայությունը միշտ արթուն է պահելու հույսերը, թե «չար կախարդի» կախարդանքից հավիտյանս քնած «բարի թագավորը» մի պատահական համբույրից կարող է արթնանալ: Այս հեքիաթի խաղարկումն է, ահա, պետք իշխանությանը:

 

Երրորդ՝ դժվար է ասել՝ որքանով է պասիվ քաղաքականության մեջ մնալը Ծառուկյանի ընտրությունը: Գոնե այս պահին թվում է, թե նա ավելի շատ պատանդի կարգավիճակում է, այսինքն` ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու և բացառապես բիզնեսով զբաղվելու` գուցե ամենամեծ երազանքն իրականացնելու հնարավորություն չունի և ստիպված է համակերպվել այն նոր դերի հետ, որ դրել են իր վրա: Ի վերջո, եթե կարողացան այդքան ժողովրդականություն ունենալու պարագայում հասնել նրան, որ դուրս գա ակտիվ քաղաքականությունից, կարող են նաև հասնել նաև նրան, որ մնա այդ կախյալ, պասիվ վիճակում: Եվ գուցե դա Ծառուկյանի և նրա շրջապատի համար այս պահին ամենաապահով վիճակն է, այսինքն` չարյաց փոքրագույնը: Մանավանդ, ըստ էության, նրան առաջարկում են ոչ թե վերջնականապես դուրս գալ խաղից, այլ ընդամենը անորոշ ժամանակով պաուզա վերցել: Իսկ պաուզան ինչ-որ պահի միշտ ավարտվում է: Ամենաուշը ավարտվելու է, երբ Սերժ Սարգսյանն ավարտի պաշտոնավարումը: Ու չի բացառվում, որ Ծառուկյանը որոշել է, կուսակցության ներսում մնալով և իր ձեռքում պահելով ներքին կարգով դրա վրա ազդելու լծակները, սպասել իր աստեղային ժամին: Գուցե նրան հենց դա էլ հասկացրե՞լ են...

 

Գևորգ Աղաբաբյան