կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 15:02
Հասարակություն

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդին

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով:

 

Սերժ Սարգսյանը կարևորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլև Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ: Նիկոլա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու և նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար:

 

Նա Նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձևով, և իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձևի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ:

 

Այդ սպորտաձևը, Նիկոլա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին: Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմանը: