Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:
Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչեւ 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր եւ այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:
Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձեւով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում եւս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է նման ցուցադրությունները եւ վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։