կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 15:11
Առանց Կատեգորիա

Քաղաքական դաշտը թատրոնը ձեռքներիցս առավ. Կարինե Խոդիկյան

Քաղաքական դաշտը թատրոնը ձեռքներիցս առավ. Կարինե Խոդիկյան

Yerkir.am-ի զրուցակիցն է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

 

-Նկատե՞լ եք` կարծես, մշակութային լուրջ արժեքները փչացնելու փորձեր են արվում:

-Մյուս երկրներում էլ նույն վիճակն է, օրինակ` ՌԴ-ում: Հեռուստատեսությունը' մոգական, նաև չար ուժով համակված այդ արկղը, հատուկ նպատակներ ունի և լիովին իրականացնում է իր նպատակները: Ասում են' նույն ծաղկից օձը թույն է քամում, իսկ մեղուն' մեղր. զվարճանքային հաղորդումներն այնպես են անում, որ մարդկության նկատմամբ հավատի վերջին փշրանքը կորչում է, կամ թոք-շոուները, որտեղ մարդկային ամենանսեմ բնազդներն են հրապարակ բերում, և դու ուղղակի սկսում ես մտածել' տեսնես, այս խոսող կինը ամոթ-աբուռ ունի՞: Պետք է մարդկանց ցույց տալ, որ, ի վերջո, այս համատարած գաղջության, գորշության, շոու-բիզնեսի մեջ մարդիկ կան, որոնք իրենց գործն են անում: Հեռուստատեսությանը մեծ թվով պահանջներ ներկայացնել չենք կարող, որովհետև այդ ծածկույթի հսկայական տարածքը մասնավոր է, իսկ մասնավորն ինքն է որոշում իր անելիքը: Կարծես թե բռնություն քարոզող սերիալների իզն ու թոզը կտրվել է, իսկ մնացածը... Իհարկե, դեռ երկար ճանապարհ ունի մարդը...

 

-Ովքեր իրենց գործն են անում և ինչ-որ բան են ներկայացնում իրենցից, բայց այս կամ այն կուսակցության ձեռքի տակ չեն, արդյո՞ք լուսանցքում չեն:

-Այո, կա նման բան, բայց, մյուս կողմից, դա նաև մարդուց է կախված: Օրինակ` նկարիչներից և ոչ մեկին ինչ-որ կուսակցություն պետք չէ, նրանք իրենց գործն են անում: Կան ցուցասրահներ, որտեղի տնօրենն իր ճաշակի համաձայն է նկարների ցուցադրություն անում և շատերի ճանապարհը դեպի շուկա բացում: Ես դա թայֆայականություն չեմ համարում: Ի վերջո, քո ստեղծագործությունը նույնպես ապրանք է, որն ուզում ես վաճառել: Ես, օրինակ, որևէ կուսակցության անդամ չեմ, անցած դարում կոմունիստ եմ եղել, ակտիվիստ: Հասարակական ակտիվ մարդը, երբ հասարակական հնչեղության դեպքերին արձագանքում է, նրա համախոհների զանգվածն ավելանում է: Նկատել եմ, որ իմ հերթական խոսքից, հրապարակային ելույթից հետո իմ կայքում ավելանում է այցելուների թիվը, և դա բնական է: Այն, որ ասում են, թե արվեստագետը յոթերորդ երկնքում ինքն իր համար պետք է ստեղծագործի, գուցե 18-19-րդ դարի համար է: Այսօր մի քիչ ուրիշ խնդիրներ կան: Իմ երկիրը բարեկեցիկ Շվեյցարիան չէ, չնայած կարծում եմ' այնտեղի գրողն էլ լիքը խնդիրներ ունի, բայց իմ երկիրն այսօր այն վիճակում է, որ ես, միայն իմ գրականությամբ առանձնանալով, կլինեմ լուսանցքում, եթե որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ կուսակցություն ինձ իր թևի տակ չի առնում և իմ PR-ը չի անում: Ճիշտն ասած' այնքան եմ նախանձում նրանց, ովքեր իրենց տարածքում ուղղակի ստեղծագործում են, կուզեի' հասարակական ակտիվությունս չլիներ, բայց չէ' ես ծնվել եմ այսպիսին... Փառք Աստծո:

 

-Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, չի կարող իր ազդեցությունը չթողնել մշակութային ոլորտի վրա: Այս օրերին մեր քաղաքական դաշտում տեղի ունեցող դեպքերն ի՞նչ են տանում, խլում մշակութային կյանքից:

-Քաղաքական վերջին զարգացումները թատրոնը ձեռքներիցս առան: Սա այն դեպքն է, երբ մշակութային դաշտից ոչինչ չեն տանում, ընդհակառակը` ավելացնում են թեման ֆելիետոնիստների և քաղաքական սատիրայի ժանրում գրողների համար: Էլ չասեմ' ծաղրանկարիչների համար ինչ լայն ասպարեզ է բացվում:

 

-Ժամանակակից գրականության, դրամատուրգիայի մեջ վերջին շրջանում ըմբոստության ջիղ կա, ինչո՞ւ այդ ըմբոստությունն արդյունքում չի տանում ոչ մի տեղ, թե՞ դա հետագայում է իր անելիքն անելու:

-Ոմանք ասում են' ֆրանսիական հեղափոխությունը սկսեցին Մոլիերը, Բոմարշեն` թատրոնից սկսվեց: Այսօր, իհարկե, ժամանակները տարբեր են, հեղափոխությունը սկսվում է «Ֆեյսբուք»ում, «Ֆեյսբուք»-ում էլ ավարտվում: Այսինքն' տարածքը փոխվել է, և այդ  ֆեյսբուքյան աժիոտաժը ֆարսի վերածված պատերազմ է հիշեցնում: Երբեմն ես կարդում եմ մեր դրամատուրգների գործերը, որտեղ այնպիսի մի հրապարակախոսություն, ըմբոստություն կա, որից պիեսն ու ժանրը չեն շահում, այլ կորցնում են: Բայց ես հասկանում եմ նրանց, որովհետև այն ամենը, ինչ մտածում են, նրանք հասարակական կյանքում չեն ասում: Ես, օրինակ, ինչպես եմ վարվում` հրապարակախոսության մեջ իմ ամբողջ ցավը, մաղձը տալիս եմ, իսկ երբ նստում եմ գրասեղանի մոտ' մաքուր գրականության առաջ եմ խնկարկում: Էությամբ ու գրչով հրապարակախոս լինելով` իմ գրականության մեջ հրապարակախոսություն չեք տեսնի, որովհետև այդ «զանգվածը» հասարակական կյանքում եմ սպառում: Այ, այսօր' ընդամենը երկու ժամ առաջ, «Գրական թերթի» իմ դիտանկյունում մի հատ ոնց որ պետքն է և ում որ պետքն է ցույց եմ տվել' ինքն ով է, ու հիմա ես այստեղ կարող եմ պարզապես մարդկային հոգեբանության խորխորատները մտնել ու մարդուն քննել: Գրչընկերներիցս մեկն ասում է' իմ ասելուց ոչինչ չի փոխվի: Նա այդպես է իր քաղաքացիական լռությունը բացատրում: Մյուսն ասում է' իսկ ինչո՞ւ ասեմ, լսողն ո՞վ է: Ամեն մեկն ունի իր տեսակետը, և ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը: Բայց երբ այդ հրապարակախոսական ջիղն ինքը չի կիրառում այն ամբիոնում, որտեղից պետք է հնչի, նրա գրականությունը դառնում է հեղափոխական կոչ: Ամբողջ ողբերգությունն այն է, որ նման գործերը թատրոն չեն գնում, ոչ թե ռեժիսորները վախենում են, պարզապես ռեժիսորը, ինչպես ցանկացած ստեղծագործող, փնտրում է մարդ, մարդու պատմություն և հոգեբանություն:

 

-Արդյո՞ք պետք է գրականության կամ արվեստի մեջ լինեն քարոզներ:

-Ոչ: Իմ գրականության մեջ, բացի զուտ բացականչությունից' տեր Աստված, որևէ աղոթքի մի տող անգամ չեք գտնի: Դա այստեղ տաբու է, այդ ամենը եկեղեցում թող մնա: Նույնը` քաղաքական քարոզը, այդ կեղտոտ քարոզն իմ տարածքի մեջ չպետք է լինի: Ամեն մի գրվածք թուղթուգիր է, ինչ դնում ես, դա էլ ստանում ես: Թուղթուգիրդ երբեմն գնում, պտտվում ու հետո գալիս, քո ճակատին է դիպչում: Քարոզը սկսվում է այնտեղ, որտեղ գրական խոսքն ավարտվում է, գրական ձիրքի պակաս էլ կա:

 

որմա՞լ է, որ միջին խավ չունենք:

-Ես «շնորհավորում եմ» 25-ամյա մեր անկախության տարիների երեք նախագահներին, բոլոր վարչապետներին, մնացյալ կառավարության կազմին և ամբողջ գաղափարախոսական այդ սեկտորին, որ նպատակաուղղված Հայաստանում վերացրին միջին խավը, քոքահան արեցին արհմիությունները, որպեսզի մարդը մնա ընդհանրապես առանց որևէ պաշտպանի: Հայաստանում ընդամենը էլիտա կոչված, քմծիծաղ հարուցող, իր բարոյական-մարդկային նկարագիրը կորցրած կույտն է և ներքևում իր հոգսի մեջ տապակվող ժողովուրդը:

 

-Երկիրը զարգանալու համար պետք է օրենքները գործեն: Մեր երկրում օրենքներն ո՞ւմ համար են:

-Ոչ, նորմալ երկրում կարող ես նույնիսկ օրենք չունենալ, քաղաքական կամք է պետք: Մեր օրենքներն այնքան էլ վատը չեն, համենայն դեպս, ո'չ Զիմբաբվեի օրենքներից են վատ, ո'չ էլ Նիդերլանդների: Ամբողջ հարցն այն է, որ դրանք ուղղակի չեն գործում, գործում է «սխոդկան»: Եթե մի երկու միամիտ մնացել էր' հասկացան, որ երկիրը կառավարվում է «գողական սխոդկայի» օրենքներով: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հրապարակից «Կեցցե մուրճը, մեխը և նալը» ասելուց հետո էլիտա կոչվող հատվածը կարող է ծափահարել, իսկ ոմանք նույնիսկ քահ-քահ ծիծաղել: Սա ֆարս է:

 

-Ի՞նչ է պետք մեզ մարդավարի ապրելու համար:

-Մի պատմություն կա, որ թագավորին գյուղում դիմավորելիս զանգերը չեն հնչում, և երբ թագավորը հարցնում է, թե ինչո՞ւ զանգերը չեն հնչել, պատասխանում են, թե' «թագավորն ապրած կենա, 40 պատճառ կա, առաջինը' զանգ չունենք»: Թագավորն ասում է' մնացած 39 պատճառները մի' ասեք... Պիտի ցավով ասեմ' երկրի տեր չունենք, մնացած 39 պատճառներն արդեն ավելորդ են:

 

-Ի՞նչ գործի վրա եք հիմա աշխատում, նոր պիես ե՞րբ կունենանք:

-Ցեղասպանության թեմային նվիրված «1 ժամ հիշողություն» պիեսից հետո շուրջ մեկ տարի ոչինչ չէի կարողանում գրել: Ահավոր ամայություն էր ներսումս, մի պահ անգամ մտածում էի' մի՞թե սա վերջն է: Բայց, բարեբախտաբար, 2014-ի վերջից շունչս բացվել է, արդեն երկրորդ պիեսն ավարտեցի: Զուգահեռ նաև Կիկոսի մասին եմ գրում, Կիկոսի առեղծվածն եմ ուզում հասկանալ' ո՞վ է Կիկոսը, որտեղի՞ց եկավ, քանի որ առայժմ ով ասես չի հայտնվել, բացի Կիկոսից: Նաև գրական մի սցենար եմ գրում' երեք համադասարանցի աղջիկների մասին, որոնցից յուրաքանչյուրի ճանապարհը սկսվում է 1985-ից: Մի խոսքով` անելիքներ շատ կան:

 

Կարինե Հարությունյան