Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք ունեցել: Կարողացել ենք հավաքագրել և նույնականացնել 167 զոհի անուն իրենց բարեկամների միջոցով: Բոլոր զոհերի ընտանիքների անդամների հետ զրուցել ենք: Նրանք այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Մեզ տրամադրել են կենսագրականներ, լուսանկարներ: Առաջիկայում նախատեսում ենք գիրք-ալբոմ տպագրել: Միայն «ՀայաՔվեն» զբաղվեց այս կարևոր աշխատանքով: Որևէ այլ նախաձեռնություն, քաղաքական ուժ, նույնիսկ Արցախի իշխանությունները, ցավոք, դա չնախաձեռնեցին: Մեր բարոյական պարտքը և կարևոր առաքելություններից մեկը համարեցինք այդ տվյալները հնարավորինս արագ հավաքագրելը, նույնականացնելը և տարածելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը: Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն: «Վերջին մի քանի պատերազմների մեր զոհերն անանուն են մնացել: Ապրիլ յան պատերազմից հետո մեր հերոսների մեծադիր նկարները տեսնում էինք քաղաքի փողոցներում գրաֆիտիների տեսքով, իսկ հիմա հազարավոր զոհերի անուններ հայտնի չեն:
44-օրյա, 2023 թ.-ի սեպտեմբերի 13-ի պատերազմների զոհերի անվանացանկերը, ցավոք, որևէ տեղ հավաքված և հրատարակված չեն: Հարկ համարեցինք այս առաքելությունը սկսել Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմի զոհերի տվյալների հավաքագրմամբ և նույնականացմամբ, որովհետև արցախցիները հիմա շատ ավելի խոցելի են, իրենց հայրենիքից ու կացարանից են զրկվել, և մի մասը կարող է Հայաստանից արտագաղթել, ուստի պետք է հասցնել հավաքագրել ու նույնականացնել նրանց տվյալները: Չենք բացառում, որ առաջիկայում կձեռնարկենք նաև մյուս պատերազմների զոհերի տվյալների հավաքագրումը և նույնականացումը: Տեղեկագրքերի կազմումը ռեսուրսատար, երբեմն շատ դժվար փաստահավաք աշխատանք է, բայց դա մեր առաքելություններից մեկն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը: