կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 11:19
Տնտեսական

ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման կանոնակարգումը՝ կառավարության գերակա հարց

ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման կանոնակարգումը՝ կառավարության գերակա հարց

Այսօր կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, որով կանոնակարգվում է ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման գործընթացը:

 

Որոշման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերը մաքսային հսկողության չեն ենթարկվում և առանց Հայաստանի կառավարության որոշմամբ նախատեսված լաբորատոր կամ փաստաթղթային փորձաքննության և ըստ դրանց արդյունքների տրվող հավաստագրի կարող են շրջանառվել ՀՀ տարածքում, ինչը ռիսկեր է պարունակում` ինչպես անորակ, ոչ արդյունավետ դեղերի, այնպես էլ չգրանցված կամ կեղծ դեղերի ՀՀ տարածք ներկրելու տեսանկյունից:

 

Որոշմամբ ակնկալվում է,  ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող դեղերի և դեղանյութերի ներմուծման և իրացման համար նոր կարգավորումներ սահմանելով, բացառել անորակ, չգրանցված կամ կեղծ դեղերի ներկրումը և շրջանառությունը ՀՀ-ում:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներկրման հետ կապված լուրջ անելիքներ կան: «Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա: Եվ ես հանձնարարել եմ առողջապահության նախարարին ու բոլոր պատկան մարմիններին` միասնական որոշում կայացնել, քննարկել ու տալ լուծում այս հարցին: Սա մեզ համար պետք է լինի գերակա խնդիր, որին որքան հնարավոր է շուտ պետք է լուծում տալ, որովհետև հասարակության մոտ իսկապես կա մտահոգություն»,- ասաց նա: