Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա անդրանիկ նիստը կայացավ գրեթե դատարկ դահլիճում: Որքան էլ տարօրինակ էր, գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանին, ով հայտնի է հարուստ քրեական կենսագրությամբ և շրջապատով, ոչ ոք չէր եկել` թեկուզ ներկայությամբ սատարելու:
Նշենք, որ նմանատիպ հնչեղ գործերով, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրեական հեղինակություններին, դահլիճում գրեթե տեղ չի լինում` անկախ նրանից` նիստ կկայանա, թե` ոչ, ամբաստանյալի ընկերները և հարազատները գալիս և իրենց ներկայությամբ փորձում են սատարել մեղադրյալին: Սակայն այս գործով կա'մ հարազատներն ու ընկերներն իրազեկված չէին նիստի օրվա և ժամի մասին (ինչը գրեթե բացառված է), կա'մ հատուկ քաղաքականություն էր մշակված` գործի նկատմամբ առանց այդ էլ ավելորդ հնչեղությունը թուլացնելու համար, կա'մ էլ պարզապես նրանք երես են թեքել Իսոյից (մանավանդ, որ լուրեր են պտտվում, որ Կայարանցի Թևոսիկը հաստատապես ասել է, որ եղբոր սպանության կազմակերպիչն Իսոն է, ինչից հետո և վերջինիս` «ճշտի օրենքներով» առաջնորդվող ընկերները երես են թեքել նրանից):
Նշենք, որ Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնում է նախկին պաշտպանի` Արսեն Սարդարյանի հայրը` Հեկտոր Սարդարյանը, գործով դատախազն է Ա. Փանոսյանը: Դատական նիստին չէին ներկայացել սպանված Արթուր Սաֆարյանի իրավահաջորդ Նարինե Աղաջանյանը, նրա ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և Մովսես Ներսիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Ներսիսյանը:
Երեմ Սարգսյանը դատարան ուղարկած գրության մեջ հայտնել էր, որ Ն. Աղաջանյանը չի ցանկանում ներկա գտնվել այս գործով դատական նիստերին: Փաստաբանն իր բացակայությունը պատճառաբանել էր, որ նույն դատարանում մեկ այլ դատական նիստի է մասնակցում:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց մարտի 4-ին:
Նշենք, որ այս գործով կալանավորվել էին Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը, սակայն վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր, իսկ գործի վարույթը նրա մասով` անջատվել:
Ի դեպ, Տ. Ասատրյանի կենսագրականի վերաբերյալ yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ Ասատրյանը նախկինում աշխատել է ոստիկանական համակարգում և եղել բնակարանների կրկնավաճառքով հայտնի` նախկին ոստիկան, «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, ներկայումս կալանքի տակ գտնվող Սիմոն Աղազարյանի մտերիմ ընկերը: Խոսակցություններ կան, որ վերջինս մասնակից է Հայաստանում վերջին տարիներին կատարված բնակարանային «ռեկետին» և բավականաչափ ազդեցիկ կապեր ունի: Ըստ երևույթին, սա է պատճառը, որ Ասատրյանը գրեթե չոր է դուրս եկել Արթուր Սաֆարյանի սպանության գործից: