կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 14:07
Հասարակություն

ՀՊՏՀ ուսխորհրդի նոր նախագահը` «Սաքուլիկենց» թիմից

ՀՊՏՀ ուսխորհրդի նոր նախագահը` «Սաքուլիկենց» թիմից

1-2 շաբաթ առաջ, երբ քաղաքում ուշադրության արժանի գրեթե ոչ մի բան չէր կատարվում, ու շատերն իրենց արձակուրդն էին վայելում, ՀՊՏՀ-ն որոշեց օգտվել առիթից ու մեկ-երկու «աննշան» փոփոխություններ կատարել բուհում: Բուհի` արդեն իսկ «բարի համբավ» ունեցող ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին նշանակեցին պրոռեկտոր:

 

Մի ուշագրավ փոփոխություն էլ է կատարվել բուհում, որը, կարծես, վրիպել է մամուլի աչքից: Սեւան Խաչատրյանին ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը լրագրողներից «պաշտպանողներից» մեկը` Սերգեյ Խառատյանը: Տղան, հիրավի, արժանի էր նման «պաշտոնի»` չէ՞ որ քաղաքապետի ատենախոսության պաշտպանության ժամանակ առաջին գծում էր, լրագրողներին էլ ասում էր. «Պռոստը չեմ ուզում ձեր մակարդակին իջնեմ… Մեղք եք… մաղձ կա»:

 

Վերջերս ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Սևակ Խաչատրյանի` բուհի պրոռեկտոր նշանակվելուն, նշեց, թե` բա ի՞նչ անենք, հո ամբողջ կյանքում տղան առանց աշխատանքի չէ՞ր մնալու: Հիրավի, ինչպես նշել էր նախարարը, մարդիկ ավելի ծանր հանցագործություններ էլ են կատարում ու ներվում, ուստի նորմալ է, երբ Հայաստանի կրթական համակարգում ղեկավար կազմը նման «օրինակելի» համբավ ունի: Գուցե այսկերպ ՀՊՏՀ-ի ուսանողներին սովորեցնում են, թե ինչպես պետք է ներողամի՞տ լինել, հակառակ դեպքում` բուհի ապակրթական այս քաղաքականությունը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

 

Նշենք, որ ուսխորհրդի նոր նախագահն աչքի էր ընկել նաև ուսման վարձերի դեմ կազմակերպված ակցիաների ժամանակ` փակելով ԵՊՏՀ-ի դարպասները և թույլ չտալով, որ ուսանողները գնան ակցիաների:

 

Ներկայացնում ենք քաղաքապետի պաշտպանության ժամանակ yerkir.am-ի նկարահանած տեսանյութը: