Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպել Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրեն Իսահակ վարդապետ Պողոսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը՝ ներկայացնելու համար Մայր Աթոռի սոցիալական ծրագրերը:
«Նրանք, ովքեր գիտեն բարոյականության առավելությունները, կարող են տալ բարոյական գնահատականներ, թե ինչ ասել է բարոյական հաղթանակ»,- մամուլի ասուլիսն այս խոսքերով սկսեց Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Նա նշեց, որ 2014թ. Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հիմնադրվել է սոցիալական ծառայության կենտրոն, որում ընդգրկված են բարեգործական ճաշարաններ, մանուկների աջակցության կենտրոն, օգնությունների գրասենյակ, որոնք նյութական-դրամական և հոգևոր-բարոյական աջացություն են ցուցաբերում կարիքավորներին, հիվանդներին:
Ըստ այդմ` 2014թ. Մայր Աթոռը 1,5 մլն դրամ աջակցություն է ցուցաբերել Սիրիայում ապրող հայերին, Ամանորի տոնին ընդառաջ` 2013թ.-ին, Վեհափառ հայրապետը 5 մլն դրամ է հատկացրել սիրիահայ առավել անապահով 50 ընտանիքի, 50 մլն դրամ է հատկացվել «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրին: Ընդհանուր առմամբ, 2014թ. ցուցաբերվել է մոտ 80 մլն դրամի աջակցություն, որը ցուցաբերվել է 25 հազար ընտանիքի:
Լրագրողների հարցերն ուղղված էին հիմնականում Վահրամ քահանա Մելիքյանին` կապված վերջին օրերին կաթողիկոս Գարեգին Երկրորդի անվան հետ կապված աղմկահարույց բացահայտման հետ, ըստ որի` HSBC բանկում Գարեգին Երկրորդը հաշվեհամար ունի` մեկ միլիոն հարյուր հազար դոլար գումարով:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս հարկ չվճարող եկեղեցին հայտնվեց HSBC այն անձանց ցուցակում, որոնց այդ բանկն օգնում է խուսափել հարկերից, Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց, որ աղմուկն արհեստական է, որովհետև «անպատեհության ու բացահայտման հարց չկա, բանկի խնդիրն էր, որ պետք է ապահովել հաշիվների գաղտնիությունը»:
«Ցավալի է, որ այդպես է մեկնաբանվում այդ ամենը: Մենք ցավ ենք ապրում, որովհետև եկեղեցին ապահովագրված է բոլոր տեսակի մեքենայություններից»,- ասաց նա ու հավելեց, որ Հայ Առաքելական եկեղեցին հարկատու է, առաջին շարքերում է` իր վճարած հարկերի առումով: Իհարկե, որոշ հարկերից եկեղեցին ազատված է, օրինակ՝ գույքահարկից, որովհետև այն ինչ կա, դա ազգային հարստություն է, այլ ոչ թե որևէ մեկի սեփականությունը:
Անդրադառնալով վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկություններին ու մեկնաբանություններին` նա հաստատեց, որ HSBC բանկում, իսկապես, եղել է այդպիսի հաշվեհամար, այն այսօր էլ կա, և այդ տեղեկատվության մասին Մայր Աթոռը պարզաբանումներ տվել է, այլ հարց է, թե ինչպես է ընդունվել այդ պարզաբանումը:
«Սկանդալ չկա, որովհետև խոսքը գնում է ոչ անձնական հաշվեհամարի մասին, այլ նախկինում եղած հաշվեհամարի անվանափոխության մասին»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով` իրականությունն այն է, որ հաշիվը, որի մասին խոսվում է, և այդ առնչությամբ կատարվում են անհարկի մենաբանություններ կաթողիկոսի հասցեին, ժամանակին բացվել է Գարեգին Առաջին կաթողիկոսի գահակալության շրջանում` անհատ բարերարի կողմից, և կաթողիկոսի մահից հետո հաշվեհամարը անվանափոխվել է ինչպես հարկն է` իրավահաջորդ ընտրված կաթողիկոսի անունով:
«Հաշվեհամարին առկա մեկ միլիոն հարյուր հազար դոլարից մեկ միլիոն դոլարը անձեռնմխելի գումար է, իսկ հարյուր հազար դոլարը այն շահույթն է, որը ստացվել է այդ գումարից: Այդ անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել որևէ մեկի կողմից, իսկ շահույթը ինչ-որ պարբերականությամբ օգտագործվում է Մայր Աթոռի կողմից»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը: