Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքրուհի Մելքոնյան
Վան
Վանեցի Մաքրուհի Մելքոնյանը պատմում է, որ իր` 12 անդամ ունեցող ընտանիքից միայն 7-ն են ողջ մնացել: Իսկ ամեն ինչ սկսվել է 1914-ի զորահավաքով, երբ ամեն օր ոստիկանները գալիս էին հայերի տները`ամեն անգամ նոր պահանջներով: 1915-ի ապրիլին սկսվեցին կոտորածներն ու գաղթը: Հիշում է նաև Վարագա վանքի գրավման մանրամասները:
«Մեր երկրին մէջ կ՚ապրէի ես մեր տանը, որը 12 անձերէ կը բաղկանար, այժմ կը մնանք ես, ամուսինս Գէւորգը, տագրս` Միսակ, իր կինը` Գայանէ, աղջիկը` Սրբուհի, միւս տագրս` Սեդրակ և կեսրայրս` Մելքոն, ընդամէնը 7 հոգի:
Սպաննուած են տղաներս` Ղազար, Հրանդ և սկեսուրս` Իսկուհին, ընդամէնը 3 հոգի, ձեռքէս խլել են աղջիկս` Նանիկ, ընդ. 1 հոգի, մեռած է տալս` Հայկանուշ, ընդ.1 հոգի:
1914 թուի զօրահաւաքութիւն ինչպէս բոլոր գիւղերուն, նոյնպէս հոս մեր գիւղէն կը հաւաքէին զինուորացուները` ծեծի և բռնութեան տակ: Մենք ամէն օր ոստիկան հյուր կ՚ունենայինք նոր-նոր պահանջներով: Օլամը և տուրքը հաշիւ չունէր, սովորական բան էր տանիլ ցորեն, գարի, խոտ, ոչխար, իւղ, պանիր, գուլպայ, լծկան, բեռնակիր, քանի որ չունէին, պահանջները այնքան և կը շատնային: Դիմացանք մենք ալ բոլոր միւս գիւղացիներ ու նման, մինչև 1915 թուի ապրիլի սկիզբներ: Սարայի գայմագամը Արճակ և Խառակոնիս գիւղերր կոտորելէն յետոյ Կզլջէ և Նաբաթ գիւղերն ալ կոտորեց, որոնց գերիները մեր գիւղը փախան: Այդ բոլորը նկատելով և լսելով, մենք որոշեցինք փախչիլ նոյնպէս Վան, և միացած անոնց հետ, դէպի Վան եկանք: Շուշանց գիւղը հասանք և հոն ալ մնացինք: Մեր տղամարդիկը սար ելան՝ Թորոսի և Շիրինի խումբերուն մէջ մտնելով, իսկ մենք գիւղը մնացինք: 8 օր գիւղը մնալէն յետոյ 9-րդ օրուա յարշալոյսին թիւրք զօրքր և միլլիները Վարագայ վանքը առնելէն յետոյ Շուշանց գիւղը պաշարեցին: Արշալոյսը բացուելուն պէս խուժանը, սար ելնելով, մեզ վրա յարձակեցաւ, հասած մարգերուն, կիներուն և երե- խաներուն անխնայ կոտորեցին: Այդ պահուն ես, սկեսուրս, տղաներս` Ղազար և Երուանդ և աղջիկս` Նանիկ, մի քարի ետև տեղաւորուած էինք, քիւրտերը մեզ նշմարելով մեզ վրայ հասան, մենք փորձեցինք փախչիլ, բայց անոնք առջին հասնելուն, առանց որևէ բան խօսելու, սկեսրոջս գնդակահար ըրին և յետոյ ինձ բռնեցին, Ղազարը ձեռքէս առան և դաշոյնով կտրատեցին (լալէն չի կարող պատմել), իսկ Հրանտիս զարկին, թևիս վրայէն վար բերեցին և քարին խփելով ուղեղը ջարգեցին, աղջիկս` Նանիկը ձեռքէս խլեցին և չգիտեմ ինչ եղաւ:
Իսկ ինձ բռնեցին իրենց քէֆի համաձայն …և չարչարելէ վերջ ինձ տարան միւս կիներու քով, մեզ մերկացուցին և մեր վրայ մենակ շապիկ ու վարտիկ թողին և մեզ ծեծելով ու չարչարելով պահեցին մինչև իրիկունը, երեկոյեան զապիթը շեփոր փչեց, թիւրքերը մեզ թողուցած գացին, իսկ մենք գիշերանց մերկ ու տկլոր և արիւնոտ ու լացող սրտով Այգեստան գացինք, ուր որ արդէն կռիւը կը շարունակուէր: Մեր տղամարդիկը, որ Շիրինի և Թորոսի հետ Վան էին գնացել, մենք անոնց գտանք Վանայ մէջ: Այգեստան մնացինք մօտ երեք շաբաթ: Թիւրքերը փախան և վանեցի կտրիճները յաղթող հանդիսացան»:
ՀԱԱ, ֆ, 227, ց. 1, գ. 469, թթ.20֊21, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 50 – 51:
Աղբյուրը՝ armeniangenocide100