Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողներին ասաց, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, Պերմյակովի հարցաքննությունից բխող բացահայտումները, Գյումրիի ռուսական ռազմաբազային տրամադրվող նոր տարածքներն Ավետիսյանների սպանության գործով որևէ տեսանելի տեղաշարժի մասին չեն խոսում:
«Մեզ հայտնի չէ որևէ նորություն, որևէ տեղաշարժ, բացի տեխնիկական մի քանի մանրամասներից: Գիտենք միայն, որ տուժածների երեք իրավահաջորդներ զբաղվում են այդ գործով, բայց որևէ տեսանելի և շոշափելի արդյունք չկա»,- ասաց նա:
Բարսեղյանը նշեց նաև, որ երեկ Ավետիսյանների գերեզման էին այցելել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի անդամները, որոնք Ավետիսյանների սպանության հանգամանքները քննելու համար Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ միջխորհրդարանական աշխատանքային խումբ են ստեղծել:
«Հարցազրույցներում ռուս պատգամավորները նշել են, որ, ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին, դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Այսինքն` իրենց մեկնաբանությամբ, ըստ երևույթին, նրանք ուզում են ասել, որ լավություն են անում մեզ: Իրականում պարզ չէ՝ ով է այդ խնդրանքն իրենց հասցրել, կամ էլ մենք խնդրո՞ւմ ենք, որ դատավարությունը Հայաստանում անցկացվի: Սա առնվազն երեսպաշտական հայտարարություն էր»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանի տարածքում դատավարություն լինելու մասին վաղուց էր հայտնի: «Նույնիսկ հռչակավոր Կոստանյանն էր այդ մասին ասել, բայց դա չէր հանրության և մասնավորապես գյումրեցիների պահանջը: Պետք է գործը` մեղադրյալով, փոխանցել Հայաստանի արդարադատության համակարգին: Այդ պահանջը մինչ օրս կատարված չէ: Կոստանյանը ինչ-որ նամակներ է գրում և պատասխաններ չի ստանում, և այս գործով Հայաստանի իշխանություններն ապացուցեցին, որ իրենք Հայաստանի քաղաքացիների շահերը սպասարկողը չեն, իրենք օտարերկրացիների շահերը սպասարկող են»,- ասաց Բարսեղյանը: