Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ վերաքննիչ դատարան բողոք է տարվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատուր Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը հայտնեց, որ վերաքննիչ ատյանն արդեն բողոքը քննելու վերաբերյալ նիստ է նշանակել հունվարի 29-ին, սակայն իրենք չենք կարողանալու ներկայանալ ծանրաբեռնվածության պատճառով և միջնորդել են` հետաձգել ու այլ օր նշանակել բողոքի քննությունը:
Երբ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ձերբակալվեց Խաչատուր Խաչատրյանը, նույն օրն իսկ լրատվամիջոցներով ԱԱԾ-ի կողմից հրապարակվեց մի տեսանյութ, որում դատավորը զրուցում է «Զոսկեսար» ընկերության ղեկավար Սեյրան Կարապետյանի հետ, խոսվում է 20 հազար դոլարի մասին, այնուհետև երևում է, թե ինչպես անձը գումարի տրցակները դնում է պահարանի մեջ: Իրավապաշտպանները պնդում էին, որ այս դեպքում խախտվել է անձի անմեղության կանխավարկածը:
«Այդ տեսանյութը ապացույց համարվում է, եթե օրենքի հիման վրա է ձեռք բերված, բայց մենք նախաքննության նյութերին այդ ծավալով ծանոթ չենք, որպեսզի իմանանք` օրենքի սահմանված կարգո՞վ է ձեռք բերված, թե՞ ոչ: Մյուս կողմից` եթե նույնիսկ օրենքով սահմանված կարգով է ձեռք բերվել, դեռ չի նշանակում, որ այն պետք է հրապարակվի»,- ասաց փաստաբան Կարեն Թումանյանը:
Իսկ թե արդյո՞ք խախտված անմեղության կանխավարկածի իրավունքը վերականգնելու վերաբերյալ համապատասխան քայլեր ձեռնարկելու են, փաստաբանն ասաց, որ դեռևս իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից և, ընդհանուր առմամբ, նախաքննության ընթացքից արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր կարվեն: Իսկ մինչ այս պաշտպանական կողմն իր գործողությունները հրապարակել չի ցանկանում:
Խաչատուր Խաչատրյանը դատավորի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի փետրվարի 27-ից: Վերջին տարիներին նրա հայտարարագրած եկամուտները, սակայն, ի տարբերություն այլ պաշտոնյաների, առանձնապես աչքի չեն զարնում: Այսպես` 2012 թվականի սկզբին, համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի, ունեցել է 4 միլիոն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում աճել է մինչև 22 հազար դոլար: Նույն ժամանակահատվածում Խաչատուր Խաչատրյանի դրամական եկամուտները կազմել են 6 միլիոն 125 հազար դրամ, որից 5 միլիոն 200 հազարը նշվել է որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 918 հազարը` վարձակալության դիմաց ստացված վճար: 2013 թվականի սկզբին դատավորը հայտարարագրել է 4 միլիոն դրամ, որը տարվա վերջում աճել է` 5 միլիոն դրամ, ինչպեսև` 22,000 դոլար, որը մնացել է անփոփոխ: Իսկ դրամական եկամուտները կազմել են 6 միլիոն 273 հազար դրամ, որից 5 միլիոն 355 հազարը կազմել է աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, իսկ 918,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար:
Իսկ նրա կնոջ` Արմինե Զաքարյանի կողմից հայտարարագրված 12 հազար դոլարը մինչև 2013 թվականի վերջն անփոփոխ է մնացել, 2013-ին հայտարարագրել է նաև 480 հազար դրամ` որպես աշխատանքի վարձատրություն: 2014-ի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ձերբակալման հաջորդ օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ: Այնուհետև գործն ԱԱԾ-ից անցել է Հատուկ քննչական ծառայության վարույթ, որպես խափանման միջոց նրա հանդեպ կիրառվել է կալանքը:
Առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու համար դատավորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում էր ընդունել Սեյրան Կարապետյանի ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ: Եվ համաձայն մեղադրանքի` իր լիազորությունների շրջանակում Սեյրան Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ, պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով, ընկերության գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու և նրան շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի` 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք: