Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հանգուցյալներ, հիրավի սիրելի, սխալված չեմ լինի, եթե ասեմ` պաշտելիներս, եւ սրանք սոսկ դատարկ հնչյուններ չեն, ինչպիսիք միգուցե աշխարհի մյուս քաղաքներում են հնչում ամեն օր, մեր քաղաքը ոտից գլուխ, եթե կարելի է այդպես արտահայտվել, ողողված է ձեր նկատմամբ անչափելի սիրով եւ պաշտամունքով:
Այսօր` Հովհաննես Գրիգորյանի մահվան տարելիցին, տեղի ունեցավ գրողի երկու գրքերի շնորհանդեսը` «Նոր տողից» բանաստեղծական ժողովածուն եւ «Գերեզմանիա» վիպակը: Գրքերը հրատարակել է «Անտարեսը», խմբագիրը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Նիկողոսյանը նշեց, որ Գրիգորյանը մեր սերնդի համար այնքան կարեւոր բանաստեղծ եւ գործիչ է, որ մենք ուղղակի պարտավոր էինք նման կերպ նրա մահվան տարելիցը նշել:
«Նոր տողից» ժողովածուն ընդգրկում է Գրիգորյանի` գրեթե բոլոր բանաստեղծությունները, կան նաեւ մի քանի անտիպ բանաստեղծություններ, իսկ «Գերեզմանիան» առաջին անգամ է լույս տեսնում, այն, ցավոք, անավարտ է մնացել»,- ասաց գրականագետը:
Նա հիշեց, որ երբ տարիներ առաջ Գրիգորյանի հետ հարցազրույց անելիս հարցրել էր, թե ի՞նչ է ուզում բերել գրականություն իր այս գործով, Գրիգորյանը պատասխանել է` իրազեկ մարդու գրականություն: «Այդպես էլ կա, քանի որ իրականության այն արտացոլման կերպը, որ կա նրա բանաստեղծություններում, արձակի տարածությունում ավելի մեծ հնարավորություններ է ձեռք բերել եւ ավելի համակարգային արտացոլվել: Գրքում շատ դաժան նախազգուշացումներ կան. մեզ բնորոշ մեռելապաշտության ֆենոմենը բացահայտված եւ ծաղրված է ամբողջությամբ»,- ասաց գրականագետը:
Հովհաննես Գրիգորյանի դուստրը` Սոնա Գրիգորյանը, նշեց, որ, իսկապես, գրքի շնորհանդեսը լավագույն ձեւն էր բանաստեղծի տարելիցը նշելու. «Ես համոզված էի, որ այսօր ձյուն է գալու, ինչպես անցած տարի` մեծ-մեծ փաթիլներով, բայց կարծում եմ` այսուհետ պետք է պայծառ օրեր լինեն»:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը նշեց, որ երբ Գրիգորյանը գրում էր «Գերեզմանիան», ինքն անընդհատ դիմում էր նրան, որ հատվածներ տա իրեն` կարդալու, սակայն Գրիգորյանը մերժում էր` ասելով, թե` կվերջացնեմ, նոր կտամ: «Ասում են` անավարտ է մնացել վիպակը: Աշխարհում ավարտուն եւ անավարտ բաներ չկան, կյանքն էլ է անավարտ: Իմ եւ Հովհաննեսի կյանքը խաչաձեւված էր իրար` 50 տարվա ընկերներ էինք»,- ասաց բանաստեղծը:
Ի դեպ, «Գերզմանիա» վիպակից մի փոքր հատված կարող եք կարդալ այստեղ: