Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի դատախազությունը ջանք չի խնայում` ապացուցելու, որ իսկապես ստանձնել է ռուսական 102-րդ ռազմակայանում պահվող, 6 անմեղ մարդկանց կյանք «խժռելու» մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի և, ընդհանուր առմամբ, հենց ռազմակայանի փաստաբանի գործառույթները: Հունվարի 13-ին ՀՀ դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում, քանի որ մեղադրյալը ՌԴ քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությունը, ինչպես ՀՀ Սահմանադրությունը, արգելում է իր քաղաքացուն հանձնել այլ պետության: Հետևաբար, գործը կքննվի Ռուսաստանի դատախազության վերահսկողության ներքո:
Այն, որ առնվազն ՀՀ Սահմանադրության մասով դատախազությունը, մեղմ ասած, քնարական զեղումների մեջ էր, նույնիսկ չարժե քննարկել, թեև Հիմնական օրենքի 31.1 հոդվածի երրորդ պարբերության` նման ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները, ծիծաղ հարուցելուց զատ, ավելի շատ խղճահարություն են առաջացնում:
Այն, որ ՌԴ Սահմանադրությունում այդ մասով առկա ձևակերպումները խիստ մեկնաբանելի են, ևս որևէ կասկած չի հարուցում: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ՀՀ դատախազությունը, որը հենց նույն Սահմանադրությամբ պարտավոր է գործել միայն ՀՀ օրենսդրության շրջանակներում, իր պաշտոնական հաղորդագրության մեջ հղում կատարում այլ երկրի, տվյալ դեպքում` ՌԴ Սահմանադրությանը: Այնպիսի տպավորություն է, թե այդ հայտարարության տեքստը կազմել են ՌԴ դատախազությունում՝ դրա տարածման պատասխանատվությունը թողնելով ՀՀ` իրենց կոլեգաների վրա: Ռուսական կողմը երևի հաշվարկելէն, որ եթե իրենք այդպիսի հայտարարությամբ հանդես գան, հայաստանյան հասարակությունը դա կընկալի որպես կամքի թելադրանք, և շառից փորձանքից հեռու, խնդիրը թողել են հայկական կողմի վրա՝ «դուք եք, ձեր հասարակությունը» շատ տրիվիալ տրամաբանությամբ:
Արդյունքում շառի ու փորձանքի մեջ ընկավ ՀՀ դատախազությունը՝ հայտարարությամբ հաստատելով, որ այս հարցում ուղղակի կամակատար է, քաղաքական որոշում իրացնող և ոչ ավելին: Հայտարարությունից փչող այդ կամակատարության հոտն էլ, ի վերջո, հունից հանեց առանց այն էլ չափազանց նյարդային դարձած հասարակությանը, որը նաև հստակ ուղերձ էր առ այն, որ պետությունը ոչինչ անել չի կարող կամ չի ցանկանում:
Ավելի ուշ` արդեն հաջորդ օրը, փորձելով ջուր լցնել իր ձեռքով բորբոքած կրակի վրա, դատախազությունը հանդես եկավ նոր մեկնաբանությամբ, ըստ որի` ռազմակայանի կասկածյալ զինծառայողին ձերբակալել է ռուսական կողմը, քրեական գործ է հարուցել զինվորական հանցագործություն կատարելու հատկանիշներով, իսկ այդ դեպքում, ըստ հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի, պարտավոր չէ նրան հանձնել հայկական կողմին: Բայց դրանով դատախազությունն էլ ավելի անհեթեթ վիճակի մեջ դրեց ինքն իրեն:
Նախ` ռազմական բնույթի հանցագործությունը, որում մեղադրում են Պերմյակովին, ընդամենը վերաբերում է զենքով դասալքությանը, մինչդեռ նա ռազմակայանի տարածքից դուրս 6 մարդ է սպանել, որի պարագայում, ըստ նույն համաձայնագրի, պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի տարածքում և Հայաստանի օրենսդրությամբ:
Երկրորդ՝ դատախազությունը, փորձելով քողարկել իր անզորությունը, այդպես էլ չբացատրեց, թե միջպետական համաձայնագրի ո՞ր կետի կամ ներպետական ո՞ր օրենքի, կարգի համաձայն են սահմանապահ զորքերը սահմանին մոտենալիս ձերբակալված Պերմյակովին հանձնել ռուսական ռազմակայանին, այլ ոչ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ինչը արվում է սահմանված կարգով: Իսկ այս հարցին համառորեն չանդրադառնալը շատ ավելի մեծ խայտառակության մասին է խոսում: Պատահական չէ, որ չեն դադարում հրապարակային կասկածներն ընդհուպ այն այն մասին, որ հայաստանյան իրավապահներն իրենք են գտել Պերմյակովին և իրենց ձեռքով էլ հանձնել են ռազմակայանին:
Բայց երեկ օրվա ընթացքում պարզվեց, որ սա էլ դեռ ամենը չէ: Դատախազությունը, Պերմյակովի փաստաբանի գործառույթները ստանձնելուց բացի, իր վրա է վերցրել, ոչ ավելի, ոչ պակաս, 102-րդ ռազմակայանն իր երկրի քաղաքացներից, բառի բուն իմաստով, պաշտպանելու պարտականությունը: Ռազմակայանի մոտ հավաքվող հանրությանը հենց տեղում հանդարտվելու կոչով հանդես եկավ, չգիտես` ինչու, այնտեղ հայտնված` Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Բացի այն բանից, որ նա տեղում կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ նրանից ինչ-որ ցուցումներ ստանալու համար, նաև, որքան էլ ապշեցուցիչ թվա, առաջարկեց ցույցը տեղափոխել դատախազության տարածք: Պատկերացնո՞ւմ եք՝ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում տարածք հատկացնել հանրահավաքի շարունակման համար, միայն թե մարդիկ հեռանան ռազմակայանին հարող տարածքից, հանկարծ նեղություն չպատճառեն հրամանատարությանը, զինվորներին և այնտեղ բարեհաջող հանգրվանած Պերմյակովին: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Պետք է ենթադրել, որ դատախազ Ասլանյանը ռազմակայանի տարածք էր ժամանել որպես շարքային ցուցարար` անտեսելով նույնիսկ աշխատանքային ռեժիմի մեջ գտնվելու փաստը, և գլխավոր դատախազին էլ տեղից ոչ թե հեռախոսով զեկուցում էր ստեղծված իրավիճակը, այլ, որպես ցուցարար, նրա հետ բանակցություններ վարում: Իսկ եթե լուրջ, ապա ուղղակի պատկերացնելի չէ, թե պաշտոնեական ինչ իրավասությունների կամ պարտականությունների շրջանակում էր նա կարգուկանոն հաստատելուն ուղղված հայտարարություններ անում, գործողություններ ձեռնարկում այնտեղ: Մի գործառույթ, որը ոչ թե դատախազությանն է, այլ ոստիկանությանը: Գուցե Շիրակի մարզում այս երկու կառույցները փոխե՞լ են իրենց դերերը:
Այս կերպ, ահա, հայրենի դատախազությունը որոշել էր կրծքով պաշտպանել ռուսական ռազմաբազան, թերևս խուճապի մեջ անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ եթե սեփական ներուժը չի բավականացնում ռուսներից պահանջել Պերմյակովին և գործի վարույթն իրեն հանձնել, ապա հասարակական ահռելի ճնշումը, որը գործադրվում էր այդ ժամերին, թերևս դրան հասնելու ամենաօպտիմալ ճանապարհն էր, որն էլ, ի վերջո, տվեց իր արդյունքը:
Արդեն երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գրոևգ Կոստանյանը հայտարարեց, թե Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում, և անձամբ է մեկնում Գյումրի՝ բնակչությանը բացատրելու դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը: Պետք է ենթադրել, որ դատախազության դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմը որոշակիորեն չմեղմացներ իր նախնական կեցվածքը:
Ինչևէ, թեեւ հանցագործին ՀՀ տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին այս հայտարարությունը դեռ ոչինչ չի ասում, քանի որ դա դեռ չի երաշխավորում, որ նա ազատազրկման կենթարկվի Հայաստանում, այլ ոչ թե կարտահանձնվի Ռուսաստանին, սակայն, նախկին պարտվողական կեցվածքի համեմատ, մեկ քայլ առաջ է: Թեև իրականում չի բացառվում, որ այս ամենն ընդամենը ժամանակ շահելու և կրքերը թուլացնելու համար է արվում:
Գևորգ Աղաբաբյան