կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-02 10:00
Հասարակություն

Ես շատ մռթմռթան սկեսրայր կլինեմ. Արմեն Աշոտյան

Ես շատ մռթմռթան սկեսրայր կլինեմ. Արմեն Աշոտյան

Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

- Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:

-Բավականաչափ:

 

-Քանի՞ բաժակից եք հարբում:

-Չեմ հարբում` դասական իմաստով, տրամադրությունս է բարձրանում պարզապես:

 

-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:

-Առողջության հետ կապված` նման խնդիրներ չեմ ունենում, եթե, իհարկե, չեմ խառնում խմիչքները: Իսկ ես, որպես կանոն, չեմ խառնում:


-Լավ, գոնե խորհուրդ կարո՞ղ եք տալ:

-Օգտագործել շատ հեղուկ, թթու հյութեր, լիմոն, կիտրոնի հյութ, շատ ջուր, վիտամին C, ասպիրին: Այստեղ ինձ օգնում է իմ բժշկական կրթությունը:

 

-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:

-2000 թվականը մի խումբ ուսանողական ընկերներով դիմավորել ենք Ֆրանսիայում: Այնտեղ սովորում էինք եւ մի քանի օրով Հայաստան գալու գումար չունեինք, ստիպված մնացինք հանրակացարանում: Ակումբներից մեկում ամանորյա գիշերվա տոմս գնեցինք եւ շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք՝ խմելով ու պարելով: Արեւածագը դիմավորեցինք Մարսելի նավահանգստում, շատ ռոմանտիկ էր:

 

-Իսկ ամենատխուրը:

-Չեմ մտաբերում:

 

-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:

-Երբեք չեմ ստուգում նվերի գինը, եւ իմ ընկերներն ու հարազատներն էլ այդքան դաստիարակություն ունեն եւ նվիրելիս գնապիտակը «պատահաբար» չեն մոռանում նվերի տուփի մեջ:

 

-Ամենաօրիգինալ նվերը:

-Տղաներիս ձեռքի գործերը՝ նկարում են, բացիկներ են պատրաստում: Հավաքում եւ պահում եմ: Սիրում եմ նվեր տալ եւ ստանալ: Սիրում եմ նվեր ստանալ փողկապներ, օծանելիք: Գիրք եմ սիրում նվեր ստանալ, որն այնքան լավը լինի, որ ոչ թե չկարդաս ու տաս մեկին, այլ պահես քեզ` գրադարանում:

 

-Տոնը ստացված է, երբ...

-Երբ հնարավորություն ունես, որ ե’ւ դու հեքիաթում լինես, ե’ւ հեքիաթ ստեղծես քո մտերիմների համար:

 

-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:

-Խորհրդային միության ժամանակ առանց մայրաքաղաքային աղցանի չէին պատկերացնում սեղանը: Երեւի առանց բլինչիկների չեմ պատկերացնում, բայց որ միսը շատ լինի, շահումով չլինի:


-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:

-Իմ կողքին է:


-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես

-Միայն Ձմեռ պապ (ծիծաղում է):


-Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:

-Այո, ընկերներիս երեխաների համար: Երեխաներիս համար եղբայրս է Ձմեռ պապ եղել:

 

-Զոքանչի համար ի՞նչ գնեցիք:

-Ես խուսափել եմ նախատոնական բոլոր գնումներից: Ոչ մի բան էլ չեմ գնել, մեզ մի կռվացրեք (ժպտում է):

 

-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:

-Այո, պրեմիաները: Ուտելու բան տանը միշտ լինում է: Կարծում եմ՝ կկարողանանք ապրել մինչեւ փետրվարի աշխատավարձը:

 

-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:

-Մինչեւ վերջ փորձում ենք հյուրերին կերակրել, եւ այդ մոլուցքի մեջ չեմ հաշվում, թե ով որքան կերավ: Միշտ բոլորիս թվում է՝ «բան չկերավ»: «Բան չկերավ» արտահայտությունն այս օրերին հյուրերին ճանապարհելիս ամենաշատ օգտագործվող արտահայտությունն է:


-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը…

-Խմիչքի շշերն եմ շարել: Ընտրում եմ, շարում, խոսում՝ սա տարե’ք, նա բերե’ք: Ես շատ մռթմռթան սկեսրայր կլինեմ:

 

-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:

-Մեր տուն պատահական մարդիկ չեն գալիս:

 

-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:

-Ինչքան բերում են, այդքան էլ բաժանում եմ (ծիծաղում է):

 

- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:

-Եղել են նման դեպքեր, ինչ մեղքս թաքցնեմ: Եթե իմ սիրած կոնֆետներն են, իսկ ես քաղցրակեր եմ, արագ բացում եմ եւ գոնե մեկ հատ ուտում, որ հետո ոչ մեկին չտանեմ:


-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:

-Ես մերժում եմ բոլոր հորոսկոպները, աստղագուշակները:

 

-Ոչխարից (այս տարի այդ կենդանակերպի տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Հույսս սեփական ուժերիս վրա եմ միշտ դնում: