Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Քաղաքական կոռեկտության մասին» հոդվածը:
Սկսենք ոչ այնքան ծիծաղելի ամերիկյան կատակից: Գիտե՞ք ԱՄՆ-ում ով ունի լավ աշխատանք գտնելու ամենամեծ հնարավորությունը: Սևամորթ կաղ լեսբուհին: Ինչո՞ւ: Որովհետև ցանկացած գործատու աշխատանքի ընդունելիս պարտավոր է հաշվի առնել քվոտաները, որոնք նախատեսված են ամենատարբեր փոքրամասնությունների համար, և նախապատվությունը տալ դրանց ներկայացուցիչներին: Մասնագիտական որակնե՞րը: Դրանք երկրորդական են, որովհետև գնահատականները սուբյեկտիվ են: Այդ իսկ պատճառով, աշխատանքի ընդունելով սևամորթ կաղ լեսբուհուն, գործատուն վարձում է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով և ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ռասայական փոքրամասնության ներկայացուցչի (արդեն արտահայտվում ենք քաղկոռեկտորեն): Ընդ որում` կնոջ: Չորսը` մեկում: Ժամանակակից ամերիկյան հասարակության համար այդ գործատուն պարզապես Դիդրոյին հավասար մեծ մարդասեր է:
Իմ գերմանացի ընկերն արդեն որերորդ անգամ դատական քաշքշուկի մեջ է ընկնում իր թրքուհի աշխատողների հետ, որոնք ծառայության են ընդունվում, մի քանի ամիս անց գնում են լավ վարձատրվող (իմ ընկերոջ կողմից) ֆիզարձակուրդ և այլևս չեն վերադառնում` իրար հետևից երեխաներ ունենալով, և դեռ ամեն երեխայի համար էլ նպաստ են ստանում գերմանական պետությունից: Իմ ընկերն անընդհատ այդ դատերը տանուլ է տալիս, իսկ գերմանացի որոշ լրագրողներ և դատական խավը նրա համառությունը համարում են... քաղաքականապես ոչ կոռեկտ: Իսկ թրքուհիներին նա չի կարող գործի չընդունել, դա կհամարվի խտրականություն, ինչն ավելի թանկ կարժենա:
Իսկ Կանադայում ուղղակի զվարճալի բաներ են կատարվում: Եղավ մի պահ, երբ հակառասիստական հումանիզմի պոռթկումներով տարված` Տորոնտոյի ոստիկանությունն արգելեց հետախուզման մեջ գտնվող հանցագործներին նկարագրելիս հիշատակել նրանց մաշկի գույնը: Պատկերացնո՞ւմ եք: Իսկ բթամտության գագաթնակետը (ի դեպ, բթամտությունը ևս քաղաքականապես կոռեկտ բառ չէ, հիմա ընդունված է ասել` այլընտրանքային տրամաբանություն) կարելի է համարել անգլիական Dire Straits ռոք-խմբի հանրահայտ Money for Nothing երգի բնագրի կատարման արգելումը: Երգը հին է և, ի դեպ, «Գրեմմի» է ստացել: Ինչ-որ մարդիկ վերջերս իրենց դժգոհությունը հասցրեցին կանադական համապատասխան մարմիններին, և երգն արգելեցին, որովհետև այնտեղ համասեռամոլներն այնքան էլ հարգալից բառով չեն բնութագրվում: Արգելում են երեսուն տարվա վաղեմություն ունեցող երգը, որովհետև այն չի համապատասխանում այսօրվա քաղաքական կոռեկտության չափանիշներին: Բայց չէ՞ որ դրանց չի համապատասխանում մարդկության մշակութային ամբողջ ժառանգությունը: Աստվածաշունչը, օրինակ, հաստատ չի համապատասխանում: Ի՞նչ կհրամայեք, այն ևս արգելե՞նք... Եվ երբևէ կփորձեն արգելել...
Իմ կարծիքով` Արևմուտքում հաստատվող կամ արդեն հաստատված ու մեր հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից բուռն կերպով ընդօրինակվող քաղաքական և հասարակական կոռեկտության կանոնները մեզ ուղղակիորեն տանում են դեպի շիզոֆրենիա: Ես հասկանում եմ քաղաքավարության կանոնների պահպանումը` թելադրված մարդու ներքին բարեկրթությունից, ով ենթագիտակցորեն խուսափում է դիմացինին վիրավորող տոնից կամ արտահայտությունից: Բայց այսօրվա արտաքին հանդուրժողականությունը գալիս է ոչ թե մարդու ներսից, այլ` դրսից, այն ոչ մի կապ չունի մարդու ոգեղենության, դաստիարակության կամ մերձավորի հանդեպ սիրո հետ: Միջին վիճակագրական բնակչից քաղաքական կոռեկտության նորմերը չեն պահանջում անկեղծ, իսկական գիտելիքի, փոխըմբռնման, կարեկցանքի կամ հանդուրժողականության վրա հիմնված վերաբերմունք ռասայի, ազգի, դավանանքի, կանանց, հաշմանդամների, երեխաների, լեսբուհիների, տրանսվեստիտների, համասեռամոլների նկատմամբ: Դրանք պահանջում են միայն պատժվելու վախի վրա հիմնված ինչ-որ արտաքին ձևական կանոնների պահպանում` սահմանափակված միայն տերմինաբանությամբ և վարքագծային կաղապարներով. պետք է ասել աֆրոամերիկացի, ոչ թե նեգր, այլապես կհռչակվես ռասիստ, չի կարելի շեշտել հանցագործի ազգությունը և կրոնական պատկանելությունը, հատկապես` եթե նա քրիստոնյա չէ, չի կարելի կնոջ գեղեցկությամբ հիանալ` նրան հաճոյախոսելով, այլապես կմեղադրվես սեռական ոտնձգության մեջ, ոչ մի դեպքում չի կարելի մուսուլմանին մեղադրել ֆանատիզմի կամ ագրեսիվության համար, չի կարելի արտաբերել միանգամայն գրական «պեդերաստ» (հուն. paiderastes) բառը, չի կարելի, չի կարելի, չի կարելի...
Անկախ ինձանից` հիշեցի լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Վերադարձ աստղերից» արկածային վեպը, որում նկարագրված է ապագայի երջանիկ հասարակությունը` զերծ ամեն տեսակ բռնությունից: Պարզվում է, որ այդ համերաշխ գոյությունը ձեռք է բերվել յուրօրինակ ճանապարհով. յուրաքանչյուր նորածնի արվում է հատուկ ներարկում, որը ենթագիտակցական մակարդակով նրան լիովին զրկում է ինչպես հարձակվելու, այնպես էլ պաշտպանվելու կարողությունից: Ագրեսիան բացառված է, բայց նաև ռիսկն է բացառված, պայքար չկա, բայցև զարգացում էլ չկա: Էությունը նույնն է, ինչ ներկայիս հանդուրժողականությանը` իրապես գոյություն ունեցող հակասություններն ու պրոբլեմները չեն լուծվում, բայց արհեստական ճանապարհով արտաքսվում են մարդկային և հասրակական գիտակցությունից:
Բայց ահա, թե ինչն է հետաքրքիր: Այս ժամանակակից` իրական, ոչ ֆանտաստիկ «բետրիզացիային» ենթարկվում է ոչ ամբողջ հասարակության գիտակցությունը, ինչպես վեպում: Չգիտես ինչու` քաղաքական կոռեկտությունը համարվում է պարտադիր միայն օրինապահ մեծամասնության համար, իսկ իրենք` պաշտպանված փոքրամասնությունները, հանդուրժողականությամբ ամենևին էլ չեն փայլում: Համասեռամոլները և լեսբուհիներն ազատ ի ցույց են դնում իրենց ապրելակերպը` երիտասարդներին իրենց կեղծ բազմազանությամբ վարակելով, բայց նրանց մերժելու ցանկացած փորձ, թեկուզև միայն բանավոր մակարդակով քննադատելը, անխուսափելիորեն բախվում է այնպիսի բազմամակարդակ ինտերնացիոնալ բուռն գրոհի, որ խոսքի ազատության ձգտումը երկար ժամանակ կորչում է:
Մուսուլմանները եվրոպական քաղաքներում հայտարարում են, որ քրիստոնեական շիրմաքարերի խաչերը վիրավորում են իրենց կրոնական զգացմունքները, պահանջում են շարիաթի օրենքը մտցնել իրենց բնակության հոծ վայրերում (ի դեպ, անընդհատ ընդարձակվող), իսկ եթե փորձեք միայն ծաղրանկարում պատկերել Մուհամեդ մարգարեին կամ համարձակ գիրք գրել, ինչպես Սալման Ռուշդին, ապա մնացած ամբողջ կյանքը ստիպված կլինեք թաքնվել մարդասպաններից: Բազմաթիվ երիտասարդ ամերիկացիներ ու եվրոպացիներ անարգել իսլամ են ընդունում, բայց մուսուլմանի` քրիստոնեություն ընդունելու կամ մուսուլմանական երկրում որևէ բան քարոզելու ցանկացած փորձ անվերապահորեն մահվան վտանգով է հղի: Աղանդավորներն իրենց շոշափուկների մեջ են առնում մեր ամբողջ հասարակությունը, մասնատում են բանակը` մեծացնելով իրենց ազդեցությունը բոլոր խավերի վրա, բայց դիմադրել չի կարելի, հանկարծ ինչ-որ մեկի ճկույթը կտրորես, և քեզ քարշ կտան եվրոպական դատարաններ: Կուրբան-Բայրամի ժամանակ Մոսկվայի փողոցներում ոչխարներ մորթելը կրոնական հանդուրժողականության և մարդու իրավունքների իրագործում է, իսկ դա բարբարոսություն և վայրենություն անվանելը` տեսեք-տեսեք, անվայել արարք:
Ինչպես տեսնում ենք, քաղաքական կոռեկտությունը մահակ է հնազանդների համար, ագրեսիվորեն ինքնահաստատվող փոքրամասնության համար հանդուրժողականության օրենք գրված չէ, ավելին` նրանք սովորել են իրենց կամքը թելադրել` օգտվելով այդ մահակից: Արդյոք այդ պատճառով չէ՞, որ եվրոպական դիտորդական առաքելությունները պատրաստակամորեն ձեռնամուխ են լինում Հայաստանում և Արցախում մուսուլմանական հուշարձանների պահպանման գնահատմանը և նախատինքով թափահարում գլուխները` պատին աննշան ճաք հայտնաբերելիս, իսկ գնալ Նախիջևան և արձանագրել ազերիների կողմից հին հայկական մշակութային կոթողների լիովին և կանխամտածված ոչնչացումը, չեն համարձակվում, որովհետև Հայաստանում նրանց դիմավորում են հույժ հանդուրժող, հաճոյակատար հայ չինովնիկները, իսկ ազերիների կողմից զավթված Նախիջևանում իրենց թիկունքին կզգան համառ, կոպիտ, աներես և ամենևին էլ ոչ հանդուրժող ադրբեջանցիների շունչը:
Իսկ քաղաքական կոռեկտության դասական դրսևորումը` զոհի և հանցագործի հավասարեցումը, այնքան արմատացած է համաշխարհային պրակտիկայում, որ արդեն զայրույթ չի առաջացնում: Ի՞նչ տարբերություն Գուանտանամոյի բանտում նստած ահաբեկիչների և նրանց գնդակից ու ռումբից զոհվածների միջև. մեզ պարտավորեցնում են բոլորին հավասարաչափ կարեկցել: Թե' մեկին, թե' մյուսին տանում են չարի և բարու հակադրության, մարդկային արդարության ոլորտից և առաջարկում միասին արածել մարդու վերացական իրավունքների կանաչ մարգագետնում: Դուք վերընթերցեք Ղարաբաղի մասին բանաձևերը` Գորբաչովի ժամանակներից մինչ մեր օրերը. գրեթե միշտ խաղաղության անատամ կոչեր են հնչել, բայց ոչ մի կարեկցանք ազատությունն ընտրածների և հաղթանակածների նկատմամբ, ոչ մի մեղադրանք` ակնհայտ ագրեսորների հասցեին: Նույնն է նաև հայ-թուրքական արձանագրություններում և դրանց հետ կապված խառնաշփոթում` չկան ո'չ արդարներ, ո'չ մեղավորներ, ո'չ դահիճներ, ո'չ զոհեր, ո'չ հայրենազրկված ժողովուրդ, ո'չ ասպատակողներ: Ինչևէ: Չշեղվենք երկակի ստանդարտների զուգահեռ թեմայով: Վերադառնանք փոքրամասնություններին:
Փոքրամասնության իրավունքների բացարձակացումը (ինչը և ինչ-որ կերպ անդրադառնում է քաղկոռեկտության բառապաշարի վրա) խանգարում է տեսնել գլխավորը` այդ փոքրամասնության էությունը: Կան փոքրամասնություններ, որոնք փոքրամասնություն են թվում միայն սկզբում, իրականում իրենց երազանքներով, ձգտումներով, գործունեությամբ արտահայտում են դեռևս չարթնացած կամ խիստ վախեցած մեծամասնության շահերը: Որպես կանոն` միայն մարդկանց մի խումբ է սկսում հեղափոխական շարժումը, ազգային-ազատագրական պայքարը, բնապահպանական շարժումը, ժողովրդավարական բարեփոխումները: Սկզբում նրանք փոքրամասնություն են լինում, բայց եթե, ինչպես սովորաբար լինում է, արտահայտում են մեծամասնության կամքը, (անգամ եթե ոչ ամբողջովին գիտակցված) մենք հաճախ ականատես ենք լինում նրանց հաղթանակին: Նրանց շրջանում, գոնե նախնական փուլում, աննշան է այն մարդկանց թիվը, ովքեր պայքարին մասնակցում են` սեփական շահից ելնելով: Այլ բան է փոքրամասնությունը, որն ագրեսիվորեն առաջ է մղում միայն իր իրավունքները և շահերը` մեծացնելով ազդեցության ոլորտը, ճնշելով ուրիշների և պակաս համառ բնակչության խմբերի օրինական շահերը: Հենց նրանք են այսօր թելադրում քաղկոռեկտության կանոնները` սկզբում հանդուրժողաբար, ապա` տարակուսած ժպտացող, իսկ հետո` սարսափից բարոյապես կաթվածահար եղած մեծամասնությանը: Իսկ գիտե՞ք` քաղկոռեկտ լեզվով ինչ է նշանակում «ինտելեկտուալ մեծամասնության ներկայացուցիչ» իմաստուն բառակապակցությունը: Նշանակում է ապուշ: Դուք դեռ ժպտո՞ւմ եք, ընթերցո'ղ:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ