կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 16:24
Քաղաքական

Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին կոռեկտության կոչ է անում

Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին կոռեկտության կոչ է անում

«Իմ կողմից շատ հարգված գործընկերը (խմբ.` նկատի ունի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին) ասում է, որ իրենք լինելու են ընդդիմության մեջ, կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են, հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ պատկերացմամբ` ընդդիմություն լինելով եւ Պռոշյանի գյուղապետի սպանության պահանջատերի դերում լինելով, չեն գնում եւ կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած դատախազի թեկնածուին եւ ոչ էլ` համաձայնում դեսպան գնալ այլ երկիր»,- ԱԺ-ում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունենալիս հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Ստացվում է` ՀԱԿ խմբակցության պատգամավորը կասկածի տակ է առնում ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելը եւ մեղադրանքներ ներկայացնում:

 

Yerkir.am-ը Նիկոլ Փաշինյանի այս դիտարկումների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից:

 

Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նախ նշեց, որ քննարկվող օրինագծի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը Արծվիկ Մինասյանը մանրամասն, փաստարկված ներկայացրել է, հետո հիշեցրեց, որ աշխատավարձերի միասնական համակարգի վերաբերյալ քաղաքականությունը եղել է ՀՅԴ-ի ծրագրային դրույթներից մեկը, եւ բնական է, որ ՀՅԴ-ն միասնական այդ համակարգի ներդրումը դրական քայլ է որակում: Աղվան Վարդանյանը շատ կարեւոր է համարում, որ պետական ծառայողների (խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ) աշխատավարձերը գոնե ինչ-որ չափով բարձրանան:

 

«Մեր գնահատականները հիմնավորված են եւ փաստարկված, մենք խոսում ենք իբրեւ կուսակցություն, իբրեւ խմբակցություն: Իհարկե, պարոն Փաշինյանն ազատ է իր տեսակետն արտահայտելու մեջ, բայց խորհուրդ կտայի լինել ավելի կոռեկտ եւ չփորձել գնահատականներ տալ ուրիշներին, մեր խմբակցությանը: Որ մենք ընդդիմություն ենք, դա Նիկոլ Փաշինյանը չի գնահատելու, չի որոշելու: Որ մենք շատ ավելի հստակ ենք պատկերացնում այս պետության խնդիրները եւ մեր դերն իբրեւ ընդդիմություն, դա եւս ես երաշխավորում եմ: Երբ մարդն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել ուրիշներին, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել: Կարծում եմ` սա այդ դեպքն է եւ խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին` սա նկատի ունենալ առաջիկայում»,- ասաց Աղվան Վարդանյանը: