կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-25 22:11
Հասարակություն

«Վեոլիա» ջուրը ոստիկանությանը մեղադրում է կոռեկտության խախտման մեջ

«Վեոլիա» ջուրը ոստիկանությանը մեղադրում է կոռեկտության խախտման մեջ

«Վեոլիա» ջուրը  հայտարարություն է տարածել.

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում:

Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոեւն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի եւ հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 եւ 3,245,442 դրամ գումար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։