կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 17:35
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը հրաժարվում է «եռյակից»

Ծառուկյանը հրաժարվում է «եռյակից»

Արդեն հայտնի է, որ հունվարի 20-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրել է հասարակական կազմակերպությունների, ոչ իշխանական քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:

 

Ծառուկյանի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ խորհրդակցական բնույթի այդ միջոցառումը կազմակերպվում է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու, կատարված աշխատանքն ամփոփելու և հետագա անելիքները ճշգրտելու նպատակով: Մամլո քարտուղարն ընդգծել է, որ խորհրդաժողովը Ծառուկյանի անձնական նախաձեռնությունն է, այլ ոչ թե ԲՀԿ-ի: Նախաձեռնությունն իրականում հետաքրքրական է նախ մասշտաբի առումով:

 

Ծառուկյանը, փաստորեն, խորհրդաժողովի է հրավիրում իշխանության դաշտից դուրս գտնվող բոլոր՝ հասարակական-քաղաքական ու քաղաքացիական շրջանակներին և ակնհայտորեն դա անում է համաժողովրդական շարժման շրջանակն ընդլայնելու անթաքույց մղումով: Դրա նախանշանները դրսևորվեցին դեռ այն ժամանակ, երբ Ծառուկյանը սկսեց հանդիպել խորհրդարանական ոչ իշխանական եռյակի ձևաչափից դուրս գտնվող, փաստացի մարգինալ քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնց համար շարժումը մեծ հաշվով ակտիվ քաղաքականություն վերադառնալու հիանալի շանս է:

 

Նման մասշտաբի ժողովի հրավիրումը այս քաղաքականության պաշտոնականացումն է, որը, սակայն, մյուս կողմից նշանակում է հրաժարվել նախկին ձևաչափից, այսինքն` եռյակից: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ի ամենամերձ արբանյակը հանդիսացող ՀԱԿ-ը, որի ղեկավար Լևոն Տեր-Պետոսյանը հավակնում էր դառնալ շարժման գաղափարական կնքահայրն ու գորշ կարդինալը, կտրականապես դեմ է զրոյական արժեքով ուժերին շարժման մեջ առնելուն: ՀԱԿ-ի տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի:

 

Կոնգրեսի ձևավորումը հենց այդ նույն սկզբունքով իրականացնելու հետևանքով, ի վերջո, այն կանգնեց կոնսենսուսային որոշումներ կայացնելու անկարողության փաստի առջև, և ՀԱԿ-ում համարում են, որ Ծառուկյանը գնում է իրենց թույլ տված սխալի ճանապարհով: Եվ իսկապես, ակնհայտ է, որ որքան շարժման կազմակերպչական և ղեկավարման օղակներում հասարակական-քաղաքական շրջանակների թիվը մեծանա, այնքան ավելի բարդանալու է համաձայնեցված որոշումների կայացումը, որը պառակտումներն ու ուժերի ջլատումը ուղղակի դարձնում է ժամանակի խնդիր:

 

Մյուս կողմից, ի վերջո, որքան մեծանում է որոշումների վրա ազդողների թիվը, այնքան փոքրանում է շարժման մեկնարկը տված ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի և «Ժառանգության» ազդեցությունն ու «շահաբաժինը»: Ուստի միանգամայն բնական է, որ Ծառուկյանի այս նոր մոտեցումը չի կարող վերջիններիս դիսկոմֆորտի մեջ չգցել: Մանավանդ` եթե նկատի ունենանք, որ շարժմանը կարող են միանալ կամ կցվել ուժեր, որոնց հետ եռյակի ներկայացուցիչները, գոնե դատելով նրանց հրապարակային հայտարարություններից, ընդհանուր ճանապարհ չունեն անցնելու:

 

Խոսքն առաջին հերթին վերաբերում է ՕԵԿ-ՀԱԿ հարաբերություններին: Այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ՕԵԿ-ը կամ ԱԽՔ-ը համաժողովրդական շարժման հետ որևէ կապ չունի և չի կարող ունենալ, Ծառուկյանը ոչ միայն գործում է այդ սկզբունքային պայմանին հակառակ, այլև ՕԵԿ-ին փաստացի ներգրավում է համատեղ նախաձեռնություններում և եռյակը փաստացի վերածում նոր «քառյակի»:

 

Այս պայմաններում ՀԱԿ-ը հայտնվում է երկընտրանքի առջև` կա'մ համակերպվել ՕԵԿ-ի հետ նույն հարթության վրա գտնվելու հեռանկարի հետ, կա'մ հակադրվել Ծառուկյանին, ինչը շարժումից օտարվելու և նույնիսկ լուսանցքում հայտնվելու ամենակարճ ճանապարհն է:

 

Եվ բացարձակապես պատահական չէր խորհրդաժողով հրավիրելու` Ծառուկյանի որոշմանը ՀԱԿ-ի չափազանց զուսպ արձագանքը: Ներկայացնելով ՀԱԿ-ի տեսակետն այդ կապակցությամբ` դրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասում է. «Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով»: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ը Ծառուկյանին հասկացնում է, որ իր համար այլ ձևաչափ, քան երկկողմ հարաբերությունները և եռյակը, գոյություն չունի:

 

«Ժառանգություն» կուսակցությունը նման հարցերի հանդեպ զգալիորեն իներտ է՝ առաջնայինը համարելով ընդհանուր նպատակների և մեթոդների շուրջ համաձայնությունների կայացումը: Այս կուսակցությունն արդեն հայտարարել է Ծառուկյանի խորհրդաժողովին մասնակցելու մասին: Բայց եթե այն չտա ընդհանուր ռազմավարության և մարտավարության մշակման հետ կապված՝ կուսակցության ակնկալած հարցերի պատասխանը և վերահաստատի արտահերթ պրոցեսներ սկսելուց խուսափելու` Ծառուկյանի հակվածությունը, ապա չի բացառվում, որ այդ խորհրդաժողովը դառնա եռյակը լքելու` «Ժառանգության» շեփորահարումը:

 

Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը սկսել է մի գործընթաց, որը տանում է եռյակի ձևաչափի վերջնական փլուզմանը: Առանց այն էլ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո այս ուժերը հիմնական հարցերում համատեղ կոորդինացում ապահովելու լրջագույն խնդիրներ ունեն, և խորհրդարանում եռյակի գործունեությունը մնացել է միակ, քիչ թե շատ, կենսունակ հարթակը: Այս իմաստով միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է խորհրդաժողովը հրավիրում ոչ թե ԲՀԿ-ն, այլ հենց անձամբ Գագիկ Ծառուկյանը:

 

Եթե դա արվեր կուսակցության մակարդակով, անմիջապես հարց էր առաջանալու, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն առանձնանում եռյակից, եթե շարժումը ոչ թե Ծառուկյանինն է, այլ հենց եռյակինը: Դա ժամանակից շուտ ակնհայտ էր դարձնելու եռյակի չգոյության կամ առնվազն դրա շեմին հայտնված լինելու հանգամանքը: Իսկ ԲՀԿ-ին պետք չէ մինչև Ծառուկյանի շուրջ ավելի մեծ համախմբման հասնելը, արձանագրել եռյակի փլուզումը: Բայց սա ոչ միայն միակ, այլև գլխավոր պատճառը չէ:

 

Նախ` խորհրդաժողովը քաղաքական գործընթացների դադարը, շարժման փաստացի սրեցումն ինչ-որ կերպ փոխհատուցելուն, հանրությանը տաք պահելուն միտված քայլ է: Ի վերջո, մինչև մարտ ամիսը ոչինչ չանելը առավել քան պարզ արտահայտելու էր իշխանության հետ սեփական գործողությունները սինխրոնիզացնելու` Ծառուկյանի մարտավարությունը:

 

Երկրորդ՝ Ծառակյանի այս նախաձեռնությունը կոնսոլիդացիան իր անձի, այլ ոչ թե ԲՀԿ-ի շուրջ ապահովելու հայտ է, որն այլ կերպ կարելի է համարել նախագահի միասնական թեկնածու դառնալու հավակնության դրսևորում: Խորհրդաժողովի հրավիրումը նաև այդ հավակնության շուրջ հասարակական-քաղաքական տրամադրությունները շոշափելու միջոց է: Փաստորեն, եթե մինչ այժմ Ծառուկյանը բավարարվում էր միայն այդ մասին թռուցիկ ակնարկներ հնչեցնելով, ապա խորհրդաժողովի անցկացմամբ ցույց է տալիս, որ անցնում է կոնկրետ գործողությունների:

 

Ընտրություններից այսքան վաղ նման ձեռնարկումը կարող է նշանակել, որ Ծառուկյանը նախագահի՝ իշխանության թեկնածուի որոշման հետ կապված այնպիսի սպասելիքներ ունի, այնպիսի միտումներ է տեսնում, որոնք շրջանցում են իր և ԲՀԿ-ի գործոնը: Այսինքն` ելնում է այն նկատառումից, որ իշխանության ժառանգման կամ փոխանցման հաշվարկներից ինքը և ԲՀԿ-ն դուրս կարող են մնալ: Դա էլ կարող է ստիպել Ծառուկյանին դիմել «մուսկուլներ» ցուցադրելու և մինչև վերջ պայքարելու վճռականությունը ցուցադրող դեմոնստրացիոն քայլերի: Այդպես է, թե` ոչ, ավելի առարկայական կերևա 2015-ի առաջին ամիսներին:

 

Գևորգ Դարբինյան