կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-22 11:28
Առանց Կատեգորիա

Մոլորված լուսինը

Մոլորված լուսինը

 

Այսօր' դեկտեմբերի 22-ին, ձմեռային արևադարձի օրն է, ինչը նշանակում է, որ այսօր կլինի ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: 

***

Ներկայացնում ենք մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Մոլորված լուսինը» հեքիաթը:

***

 

Մոլորված լուսինը

Լինում է, չի լինում, մութ գիշեր է լինում ու գիշերից մթնած երկինք է լինում: Մութ երկնքում դեղին ու կլոր լուսին է լինում: Դուրս է գալիս լուսինն իր տնից, երկնքի ճանապարհով գլորվում-գնում, մթի մեջ մոլորվում է ու իր տունը չի գտնում: Հարցնում է լուսինը երկնքի աստղերին, թե որտեղ է իր տունը: Աստղերը լուսնին ուշադիր լսում, թարթում են աչքերն ու նրան ասում.

 

-Սիրո'ւն լուսին, կլո'ր լուսին, 
Մենք էլ' բոլորս միասին,
Մոլորվել ենք մութ երկնքում, 
Չգիտենք, թե ուր ենք գնում:
Հենց որ դու քո տունը գտնես, 
Մի' մոռացիր, իմաց տուր մեզ:

 

Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է' գետակը ցածում քչքչում-խոսում, մութ ճանապարհով չգիտես ուր է վազելով հոսում: Ու ասում է լուսինը գետակին.

-Երևում է' դու լավ ճանապարհորդ ես: Իմ տան ճանապարհը չգիտե՞ս: 

Աղմկում է գետակը գիշերվա լռության մեջ, փայլփլում է գետակը գիշերվա մթության մեջ, լուսնի երեսին նայում ու այսպես է ասում.

-Լսի'ր, լուսի'ն, ծնված օրից 
Վազում եմ ինքս իմ հետևից: 
Թե ուզում ես տունդ գտնել, 
Դու սովորիր ինձ պես անել.
Արագ վազիր երկնի ճամփով
Ու վաղ թե ուշ կհասնես ծով:

 

Գետակի խոսքերից լուսինն ավելի է մոլորվում: 
Լողում է լուսինը մութ երկնքում, լողում է, իր տունը փնտրում: Նայում է լուսինը ներքև ու տեսնում է' անտառի ծառերը խշշում են ցածում: Քամին ծառերի քունը փախցրել ու տերևների հետ գիշերվա երկար զրույցն էր անում: Ու ասում է լուսինը ծառերին.
-Անտառի ծառեր, դուք ինչքան շատ բա~ն գիտեք: Իմ տան տեղն ինձ չե՞ք ասի: 
Ծառերը խշշում են միասին ու ասում են նրանք լուսնին.

-Ահա թե մենք ինչ կասենք քեզ, կլորերե'ս,
Երևում է' դու անգետ չես, բայց կներես, 
Տուն հասնելու մի ճամփա կա, լավ իմանաս.
Դու էլ պիտի բոլորիս պես տեղում մնաս:

 

Ավելի է մոլորվում լուսինը: Քիչ է մնում' հույսը կորցնի: Գլորվում, գնում է անտուն լուսինը, ներքև նայելով գնում է, գնում, մեկ էլ այգու ցանկապատի մոտ քարին նստած մի ծերունու է տեսնում: Ու հարցնում է լուսինը ծերունուն.
-Այս ուշ գիշերին ինչո՞ւ ես դրսում: Դու է՞լ ես ինձ պես տունդ կորցրել: 
Ծերունին նայում է լուսնին, հոգոց է հանում ու պատասխանում.

-Աշխարհի չափ երկար ապրես,
Էս ի~նչ սիրուն բոլորել ես: 
Չեմ կորցրել ես իմ տունը,
Բայց չեմ գտնում աչքիս քունը: 
Ծովի պես խառն են մտքերս,
Լույսդ է գիշերվա ընկերս:

 

Լուսինը ծերունու խոսքերից տխրում, ամպի քուլայով իր դեմքը ծածկում է ու արցունք թափում: Լուսնի արցունքները' նրա պես կլոր ու փայլուն, կաթ-կաթ թափվում են ցած: Հետո նրանք թևեր են առնում, դառնում են լուսատտիկներ ու սկսում են թռչկոտել ծերունու այգում: Փայլփլում ու թռչկոտում են, հետո իրար ականջի փսփսում, նայում են լուսնին ու նրան ասում.

-Ամբողջ գիշեր մոլոր, արթուն,
Թափառեցիր, լուսին, անտուն,
Բայց արևը զարթնում է, տե'ս, 
Շուտով տունը քո կգտնես:
Չմոռանաս, աստղերի'ն էլ
Խոստացել ես իմաց անել:

 

Այդ օրվանից մինչև օրս լուսատտիկները գիշերները շրջում են' իրենց փոքրիկ լույսն արձակելով: Նրանք առաջինն են զգում, որ արևը սկսում է արթնանալ ու այդ մասին իմաց են տալիս բոլոր նրանց, ովքեր մոլորված լուսնի պես անտուն են ու այն ծերունու պես անքուն:

Ու երբ առավ արևը իր անուշ քունը, 
Հենց այդ պահին գտավ լուսինը իր տունը:
Ու որպեսզի կարողանա նա լավ հիշել,
Կրկնում է ճամփան իր տան ամեն գիշեր:

 

Երազիկ Գրիգորյան

Նկարիչ' Նաիրա Մուրադյան