|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հերթական հարձակման զոհ է դարձել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա դեպքից հետո ոստիկանությանը հանցագործություն մասին հաղորդում է տվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Անցնող շաբաթվա ընթացքում սա նույն սցենարով ֆիզիկական բռնություն կիրառելու` արդեն երրորդ դեպքն է: Նախորդ երկու դեպքերում թիրախները «Ազատամարտիկների դաշինք»-ը ներկայացնող 3 ազատամարտիկներ էին` Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Սուրեն Սարգսյանը: Դրանից առաջ էլ հրկիզվել էին Նախախորհրդարանի և «Ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամներին պատկանող ավտոմեքենաները:
Դժվար է ասել` որքանով իրար հետ կապ ունեն ազատամարտիկներին, Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերը ավտոմեքենաների հրկիզման հետ: Փաստն այն է, որ վերջին օրերին ֆիզիկական բռնության են ենթարկվել բացառապես նրանք, ովքեր հրապարակայնորեն կամ նեղ շրջանակներում հայհոյել էին նախագահ Սերժ Սարգսյանին: Չի բացառվում, որ սրանք պարզապես այդ անձանց նկատմամբ իրականացվող «պատժիչ» օպերացիայի առանձին դրսևորումներն են` նպատակ ունենալով նաև զգուշացնել բոլորին, որ նմանատիպ «չներվող» արտահայտություններն անհետևանք չեն մնալու նաև ապագայում: Մանավանդ, որ չներելու նախազգուշացումներ արել էին թե' իշխանության ներկայացուցիչները և թե' ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը: Վերջինս հայտարարել էր, որ կկտրի երկրի գերագույն գլխավոր հրամանատարին հայհոյողների ականջները:
Եթե սա է կատարվող հանցագործությունների մոտիվը, ապա պետք է ենթադրել, որ պատժողները, հավանաբար, այսքանով կբավարարվեն, քանի որ Սերժ Սարգսյանին հայհոյելու նմանատիպ այլ դեպքեր, կարծես, չեն եղել: Եվ գուցե հենց դրանով է պայմանավորված ոստիկանության կողմից այդ հանցագործությունները բացահայտելու հարցում ցուցաբերված անգործությունը:
Որքանո՞վ այս ամենի հետ կապ ունի անձամբ Սերժ Սարգսյանը: Զուտ բարոյական իմաստով` նա, իհարկե, իրեն հայհոյողներից առնվազն բացատրություն պահանջելու իրավունք ունի: Հայաստանյան հասարակական հարաբերություններում և մտածողության պայմաններում նման արտահայտությունները, իսկապես, չեն ներվում: Եթե նման վիրավորանքները հնչեին դրանք արտահայտած անձանց հասցեին, գուցե նրանք ավելի շուտ պատժեին իրենց վիրավորողներին: Բայց եթե առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ, ապա ծեծի ենթարկվողները պետք է հստակ իմանային, թե ինչի համար են պատժվում: Հակառակ դեպքում` այդ ամենը պարզապես շարքային, մանր խուլիգանություն է կամ էլ իրականում նախագահի արժանապատվությունը վիրավորելու հետ որևէ կապ չունի և բռնությունների սանձազերծման իրական նպատակներից հանրային ուշադրությունը շեղելու միջոց է: Հարց է առաջանում` արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկայացներ նման կերպ վրեժխնդիր լինելու որոշում:
Չի բացառվում, որ ոմանք պարզապես ինքնուրույն որոշել են իրենց վրա վերցնել Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի պատիվը պաշտպանելու «սուրբ» պարտականությունը` նրա նկատմամբ իրենց հավատարմությունը ցուցադրելու մղումներով: Համենայն դեպս, ոստիկանության զորքերի հրամանատարի նման սպառնալիքներից հենց այդպիսի հոտ է գալիս: Իսկ ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մարդկանց մեջ առաջին հերթին հենց այդ որակն է գնահատում: Եթե իսկապես սա է փողոցում օրը ցերեկով մարդկանց վրա հարձակվելու պատճառը, ապա այդ մարդիկ պարզապես արջի ծառայություն են մատուցում Սերժ Սարգսյանին` երկու պատճառով:
Նախ` նրանք համոզում են, որ Հայաստանում իրավապահ համակարգ գոյություն չունի: Որովհետև «պատժիչ գործողությունը» իրականացնում են բոլորի աչքի առաջ, մի քանի օր շարունակ: Դա ուղերձ է այն մասին, որ կա'մ չեն վախենում ոստիկանությունից և նրան բանի տեղ չեն դնում, կա'մ գործում են ոստիկանության գիտությամբ ու վերջինիս աչքակապության պայմաններում: Ցանկացած դեպքում սա նշանակում է, որ ոստիկանությունը չի անում այն, ինչ պարտավոր է անել` պաշտպանել քաղաքացու անվտանգությունը սեփական երկրում: Դրանով նրանք ի չիք են դարձնում ոստիկանից հրեշտակ կերտելու` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անխոնջ ջանքերը:
Երկրորդ` նրանք համոզում են, որ օրինականությունը Հայաստանում ոչ մի արժեք չունի, և որ հասարակական հարաբերությունները, մարդկանց վարքագիծն ու պատասխանատվությունը խարսխված են միայն ավանդույթների, ստերեոտիպների վրա: Որ հոր արևով երդվելը կամ մայր հայհոյելը մարդկանց վարքագիծ թելադրելու ավելի մեծ կարգավորիչ ուժ ունեն, քան պետական ինստիտուտները, արդարադատությունը և օրենքը:
Այս իմաստով որքան ավերիչ ազդեցություն ունեն նման պատժիչ գործողությունները, նույնքան էլ իրենց նկատմամբ կատարված բռնության մասին ոստիկանությանը չդիմելը` «խի ես չեմ կարո՞ղ իմ հարցերն ինքնս լուծել», կամ «ես հո գործ տվող չեմ» անբեկանելիորեն գործող տրամաբանությամբ: Երբ հարձակման ենթարկված, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին հարցրին` ինչո՞ւ չի դիմել ոստիկանությանը, նա տվեց ստանդարտ պատասխան. «Ես հո միմոս չեմ, որ ոստիկանություն դիմեմ»: Փաստորեն, իրավապահ մարմիններին հանցագործության մասին տեղեկացնելը նույնացվեց միմոսության հետ: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ նման որակումներ տալիս են մարդիկ, ովքեր ամենաբարձրն են գոռում օրինականության հաստատման մասին:
Բայց այս ամենում ամենավտանգավորը, որը միաժամանակ թե' նման մտածողության, թե' ոստիկանության անգործության հետևանքն է, վենդետայի, որպես հարցեր լուծելու միջոցի, ակամա օրինականացումն է: Երբ ոստիկանությունը չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել մարդու առողջությունն ու կյանքը կամ դա անում է ոչ բավարար մակարդակով, մարդկանց մղում է դիմելու ինքնապաշտպանության, արդարությունը վերականգնելու և պատիվն ու արժանապատվությունը հարգել ստիպելու այլ միջոցների:
Տարօրինակ զուգադիպությամբ երեկ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող է դանակահարվել: Դեռևս պարզ չէ, թե որքանով է այս դեպքը կապված վերջին օրերին կատարվող իրադարձությունների և Լյովա Երանոսյանի հայտարարությունների հետ: Բայց այն ուղղակիորեն ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե «պատժի» ենթարկվողները որոշեն վրեժխնդիր լինել և վենդետայի, Լինչի դատաստանի օրենքը համարվի այլընտրանք չունեցող: Դա անարխիայի սկիզբն է և կարող է դառնալ իրավական պետության ստեղծման հույսերի վերջը:
Գևորգ Աղաբաբյան