Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներքին Խնձորեսկում խնձորենիներն այս տարի էլ լավ բերք չտվեցին: Ամռանը տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևները Համլետ Մանգասարյանի ընտանիքին մի թաս խնձոր թողեցին: Ջրահեղձ եղան նրա 11 խոճկորներն ու հավի 150 ճտերը. կարկտախառն հեղեղը մի քանի րոպեում լցվել էր գյուղացու նկուղն ու մարագը: Օգնության էր շտապել հարևանը:
«Աչքս տեսնում էր, կարում չինք փրկիլ, մի քանի հատ ճուտ ա փրկալ, իսկ մնացածը սատկան»,- նեղսրտած պատմում է գյուղացին: Անասնապահությամբ զբաղվող այս ընտանիքի հույսը խոճկորներն էին` պահել էին, որ աշնանը վաճառեն:
Համլետի դարդը կիսակառույց տունն է, բանակում ծառայող որդուն ստիպված է դիմավորել անսղավ պատերի ներսում: «Եթե խոզերս մնար, սվաղը կանեի, միլիոն էր, է, միլիոն»: Սատկած կենդանիների հարցով ավագանին ամռանը նիստ էր գումարել, Համլետ Մանգասարյանն էլ է մասնակցել` ավագանու անդամ է: «Մի էջ քիրել ենք, գացել ա մարզպետարան, նորից պատասխանը եկալ ա, որ պիտի ժողով անենք»: Կես տարի է անցել` պատասխան չկա, գյուղացին չգիտի էլ` որ մեկին դիմի: Գյուղացուն մխիթարելու ձև են գտել, ասել են` քեզանից աղքատ էլի մարդիկ կան:
Նունե Աբրահամյանը 30 աշակերտ ունեցող դպրոցի հավաքարարն է, ստացած աշխատավարձով միայնակ հոգում է ուսանող դստեր, իր ու որդու կարիքները: Կիսաքանդ վագոնե տնակից տեղափոխվել է գյուղապետի տրամադրած տունը: Ասում է` ժամանակավոր է, դեռ գլխի գալիքը չգիտի:
Տիկին Նունեն սովոր է ծանր գործին, միայնակ շալակն է առնում բեռն ու մտածում` ումի՞ց փող ճարի, որ աղջկան Գորիս ճանապարհի: «Երեկ կարացալ չեմ ղրկեմ դասի, եկել, հարևանի դուռն եմ թակել, որ փող ճարեմ, խոխան ժամի 10-ին ինստիտուտ հասնի»,- ասում է նա:
Ներքին Խնձորեսկում տրանսպորտ չկա: Գյուղից 21 կմ հեռու գտնվող Գորիս հասնելու համար բնակիչները կանգնում են ճանապարհի վրա գտնվող` գյուղի հիմնադիր Շահում Արզանյանի հուշաքարի դիմաց ու սպասում բախտին: Մեքենա անցավ, կանգնեց` կնստեն, չէ` դեսից դենից փող կճարեն, տաքսի կկանչեն: Քչերն են համաձայնում քարուքանդ ճամփեքով ուղևոր տեղափոխել:
Ներքին Խնձորեսկում Նոր տարվա շեմին գյուղացիների թիվը կավելանա: Արտագնա աշխատանքի մեկնածները կգան ու կամփոփեն տարին: Համլետ Մանգասարյանը սեղանին խոճկոր չի դնի, բայց հյուր կընդունի: Ամանորը գյուղացու գրպանին չի նայի: Տարին վարկով դիմավորելու ավանդույթն էլ չի խախտվի:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ