կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 11:55
Տնտեսական

Դրամի արժեզրկման եւ գնաճի մասին

Դրամի արժեզրկման եւ գնաճի մասին

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին` հրապարակային պարզաբանումներ տալ տարադրամի շուկայում առաջացած լարվածության վերաբերյալ, մասնավորապես` դրամի արժեզրկման ու գնաճի, և ներկայացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կենտրոնական բանկը:

 

Ներսես Երիցյանի խոսքով` վերջին շրջանում միջազգային շուկայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում` արժույթային շուկայում առկա մեծ տատանումները, նպաստում են դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցնում փոխարժեքի տատանողականության աճին:

 

«Ցավոք, ձևավորված սպասումները այսօր հեռու են մեր տնտեսության հիմնական սպասումներից: Այդուհանդերձ, որոշակի մտավախությունների տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտում են առկա փոխարժեքը: Մեր վերջին հայտարարություններն ուղղված էին սպեկուլյացիաներից ու անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում դրանք կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի շուկայում կայունացնենք իրավիճակը: Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները, այդ թվում` վետո` շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքի միջոցով, արժութային սվոպներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելով, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել: Բայց այն, ինչ դրսի շուկայով է պայմանավորաված, ճշգրտումները պետք է իրենց տեղը գտնեն»,- ասաց Ներսես Երիցյանը:

 

Ըստ նրա` ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի ամեն տեսակ արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

 

«Մեր պահուստները համապատասխանում են շրջանառության մեջ գտնվող դրամին, այդ իմաստով` որևէ խնդիր չենք տեսնում: Ուզում եմ հավաստիացնել, որ կան տարբեր մտահոգություններ` բանկային համակարգերի և դրանց գործառույթների հետ կապված: Դրանց կայունությունը ևս ապահովված է և երաշխավորված կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի մեծ ակտիվներն ու պարտավորությունները դոլարացված են և ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն` կանխիկ և անկանխիկ, որը ևս համարժեք է շուկայում գտնվող կանխիկին, և բանկերը պետք է ի վիճակի լինեն բավարարել մեր քաղաքացիների պահանջները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը` հավելելով, որ, ԿԲ-ի գնահատմամբ, գների կայունության հետ կապված ևս զգալի ռիսկեր չկան, և գնաճի ցուցանիշը 2014-2015թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ ՝ թույլատրելի շրջակայքում՝ 4 տոկոս պլյուս, մինուս 1.5 տոկոսի միջակայքում: